Հարավային Կորեայում բազային բջջային ինտերնետը անվճար կդառնա

Հարավային Կորեայում բազային բջջային ինտերնետը անվճար կդառնա

Հարավային Կորեայի գիտության նախարարությունը հայտարարել է բջջային կապի ոլորտում նորարարական ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում երկրի բոլոր քաղաքացիներին կտրամադրվի բազային ինտերնետ հասանելիության իրավունք։

Նոր նախագծի համաձայն՝ ավելի քան յոթ միլիոն բաժանորդներ, իրենց հիմնական սակագնային փաթեթի սպառումից հետո, կկարողանան օգտվել անսահմանափակ ինտերնետից՝ 400 Կբիթ/վ արագությամբ։ 

Երկրի առաջատար հեռահաղորդակցության օպերատորները՝ SK Telecom-ը, KT-ն և LG Uplus-ը, արդեն տվել են իրենց համաձայնությունը՝ միանալու այս նախաձեռնությանը։

Փոխվարչապետ և գիտության նախարար Բե Կյունգհունը նշել է, որ այս քայլն անհրաժեշտ է, քանի որ ժամանակակից աշխարհում քաղաքացիներն այլևս չեն կարող գոյատևել առանց առցանց ծառայությունների հասանելիության։ 

Միևնույն ժամանակ, սա դիտարկվում է որպես հնարավորություն տեղական օպերատորների համար՝ վերականգնելու հանրության վստահությունը վերջին շրջանում տեղի ունեցած տվյալների արտահոսքի և անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներից հետո։ 

Նախարարի խոսքով՝ ոլորտը պետք է անցնի պարզապես խոստումներ տալու փուլը և քաղաքացիներին մատուցի շոշափելի օգուտներ, որոնք կնպաստեն հանրային բարեկեցությանը։

Համընդհանուր բազային տվյալների համակարգից բացի, հարավկորեական օպերատորները պարտավորվել են ներդնել մատչելի 5G սակագնային փաթեթներ, որոնք կկազմեն մոտ 13,5 դոլար կամ ավելի քիչ։ Ծրագիրը նախատեսում է նաև ընդլայնել տվյալների և զանգերի սահմանաչափերը տարեց քաղաքացիների համար, ինչպես նաև բարելավել Wi-Fi կապի որակը մետրոյում և միջքաղաքային գնացքներում։ 

Leave a Comment