Երրորդ գործընկերների կարիք կլինի․ Միրզոյանի արձագանքը՝ TRIPP-ի մասին Պետդեպի հայտարարությանը

Չնայած TRIPP-ի պայմանագիրը երկկողմ է լինելու, բայց շինարարության և համակարգերի կառավարման փուլում գործընկերների կարիք կառաջանա, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը էստոնացի գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա՝ գաղտնի չէ, որ նախագիծը բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից, վերջացրած՝ Պորտուգալիայով և ՀՀ անմիջական հարևաններով։

«TRIPP-ը հո այլ մոլորակի վրա չի՞, մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանի Հանրապետությանը կամ սկիզբ առնի այնտեղից, իսկ մյուս ծայրն ավարտվի Նախիջևանով, էլի՛ Ադրբեջանում, բայց տրամաբանական շարունակությունը Երասխով հայկական երկաթուղիների մյուս ցանցն է, Կարս-Գյումրի երկաթուղային հանգույցն է, Թուրքիայի երկաթուղային ցանցը, Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են, Մերձավոր արևելյան երկրներն են նաև հետաքրքրված այս թեմաներով»,- պարզաբանել է Միրզոյանը։

Նա նշել է, որ մեկ օր առաջ հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի ԱԳ նախարարի հետ, որը Հայաստանում էր տրանսպորտի նախարարի հետ, որոնք հետաքրքրված են այս թեմաներով, սակայն առայժմ որևէ կոնկրետ բան չկա հանրության հետ կիսելու։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment