Ապրիլի 9-ին Հայաստանում բացվել է Էստոնիայի ռեզիդենտ դեսպանություն, իսկ ապրիլի 10-ին կողմերը համագործակցությունը խորացնելու փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի համատեղ ասուլիսը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Միրզոյանը նշել է, որ դեսպանության բացումն արտացոլում է Էստոնիայի հանձնառությունը՝ խորացնելու երկկողմ հարաբերությունները և աջակցելու Հայաստանին։ Նա ընդգծել է, որ Երևանը զգում է նաև Էստոնիայի հետևողական աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Նա վստահություն հայտնել, որ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել։
«Մենք ունենք շատ հարուստ անցյալ, սակայն եկեք կենտրոնանանք ապագայի վրա, որը անկասկած, լինելու է էլ ավելի պայծառ և ավելի ամուր»,- ասել է Միրզոյանը։
Ցահքնան հավելել է, որ դիվանագիտական առաքելության բացումը ցույց է տալիս, որ Հայաստանը առաջնահերթ ուղղություն է Տալլինի համար, և Էստոնիան պատրաստ է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ խաղաղության, եվրոպական արժեքների և զարգացման ճանապարհին։ Նա հավելել է, որ Էստոնիան մտադիր է զարգացնել գործնական համագործակցությունը, այդ թվում՝ կիբեռանվտանգության և բիզնեսի ոլորտներում, և վստահեցրել է, որ Տալլինը կմնա Երևանի հուսալի գործընկերը բարդ միջազգային իրավիճակում։
Մամուլի ասուլիսի ընթացքում նախարարները անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ Միրզոյանը նշել է, որ հայ գերիների և պահվող անձանց ազատ արձակման գործընթացում նորություններ դեռ չկան։ Նրա խոսքով՝ նրանց ազատ արձակումը միայն կամրապնդի խաղաղությունը, որի պտուղները, ըստ նրա, «Հայաստանն արդեն վայելում է»։
Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են Բաքվի հետ երկխոսությունը գերիների հարցով և այն համարում են օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Նա ընդունել է, որ Կարմիր խաչի գործունեության ավարտը լրացուցիչ բարդացրել է իրավիճակը։ Էստոնիայի ԱԳ նախարարը, իր հերթին, նշել է, որ բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ օրում և գերիների հարցը գնահատել է որպես շատ բարդ։
Նախարարները ընդգծել են նաև համագործակցությունը կիբեռանվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ, Միրզոյանի խոսքով, Էստոնիան համաշխարհային առաջատարներից է։ Էստոնիայի ԱԳ նախարարը նշել է, որ կիբեռանվտանգության և կիբեռպաշտպանության խնդիրներին իրենց երկրում բախվել են դեռ 2007 թվականից։
«2007-ին մեր պետական հատվածի դեմ իրականացվեց լայնածավալ կիբեռհարձակում։ Սա իսկապես այն ոլորտն է, որտեղ Էստոնիան ունի մեծ փորձ։ 2024-ին մենք ունեցել ենք 7000 լուրջ հարձակում պետական և մասնավոր հատվածների վրա, իսկ անցած տարի՝ 12 հազար դեպք։ Ոչ բոլոր հարձակումներն են գալիս Ռուսաստանից, բայց Ռուսաստանը մնում է հիմնական աղբյուրը, իսկ մասնավոր հատվածում՝ նաև Հյուսիսային Կորեան»,- հայտարարել է նա։
Հայաստանը և Էստոնիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ին։ Մինչ դեսպանության բացումը վիզաների և հյուպատոսական գործառույթներն իրականացվում էին Հայաստանում Լիտվայի դեսպանությունը ներկայացուցչության միջոցով։
