Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կա 6 զոհ, 3 վիրավոր



Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 6 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ 

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։


Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:


Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment