Քարաթափումներ՝ Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին․ փրկարարները վերականգնել են երթևեկությունը

Ապրիլի 9-ին՝ ժամը 19։06-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով մեծ քարի կտորներ են հայտնվել երկաթգծի վրա, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին. երթևեկությունը ժամանակավոր դադարեցվել է։ Փրկարարները և երկաթգծի աշխատակիցները երկաթուղային կռունկի օգնությամբ հեռացրել են քարաբեկորները` ընդհանուր մոտ 3,5 խմ, երթևեկությունը վերականգնվել է։

ՆԳՆ-ն հայտնում է, որ նման ահազանգ է ստացվել նաև ապրիլի 10-ին՝ ժամը 08։18-ին։ Ահազանգել են, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 3-րդ թունելի մուտքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։

Պարզվել է, որ մոտ 30 քմ տարածքում թափվել է մոտ 10 խմ քար․ ճանապարհը միակողմանի փակվել է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Leave a Comment