Արմավիր-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով 5 հոգի մահացել են

Արմավիր-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով 5 հոգի մահացել են

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վասրչության պետ Արթուր Ֆիշյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment