ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ երբեք որևէ հարաբերություն չի ունեցել դատապարտված պեդոֆիլ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ և նրա զոհերից մեկը չի եղել։ Այս մասին ասել է Սպիտակ տանը ելույթ ունենալիս։
«Էպշտեյնը և ես ընկերներ չէինք։ Պարզաբանեմ, որ ես երբեք հարաբերություններ չեմ ունեցել Էպշտեյնի կամ նրա հանցակից (Գիսլեյն) Մաքսվելի հետ: Ես Էպշտեյնի զոհը չեմ», – ավելացրեց առաջին տիկինը՝ նշելով, որ ֆինանսիստի օգնականին ուղղված իր էլեկտրոնային նամակը ոչ այլ ինչ էր, քան վերջինիս նամակին պաշտոնական պատասխան։
Նա պնդել է, որ տեղյակ չի եղել նրա հանցագործությունների մասին՝ հավելելով, որ իր և ֆինանսիստի բազմաթիվ կեղծ լուսանկարներ են շրջանառվում սոցիալական ցանցերում մի քանի տարի շարունակ: Նա նաև հերքել է այն պնդումները, որ Էպշտեյնն իրեն ծանոթացրել է իր ապագա ամուսնու հետ: Առաջին տիկինը շեշտել է, որ Դոնալդ Թրամփին հանդիպել է 2000 թվականին ֆինանսիստի հետ հանդիպելուց մեկ տարի առաջ:
«Դոնալդը և ես երբեմն հրավերներ ենք ստացել նույն երեկույթներին, ինչ Էպշտեյնը, քանի որ Նյու Յորքում և Պալմ Բիչում տարածված է համընկնող սոցիալական շրջանակների առկայությունը», – նշել է առաջին տիկինը: Նա նաև ասաց, որ ինքը Էպշտեյնի դեմ քրեական գործով վկա չէ՝ հավելելով, որ իր անունը երբեք չի հիշատակվել տուժողի ցուցմունքներում, հարցաքննության արձանագրություններում կամ դատական փաստաթղթերում:
«Իմ դեմ կեղծ և զրպարտչական հարձակումները չարամիտ և քաղաքական դրդապատճառներով անձանց և կազմակերպությունների կողմից, որոնք ձգտում են վնասել իմ բարի համբավին՝ ֆինանսական կամ քաղաքական շահի համար, պետք է դադարեցվեն», – ընդգծեց առաջին տիկինը: Մելանյա Թրամփը նաև նշշում է, որ մտադիր է շարունակել պաշտպանել իր հեղինակությունը դատարանների միջոցով՝ իր փաստաբանների հետ միասին:
Աղբյուր՝ TASS