Բարդ Չալաբյանը – BlogNews.am



«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը: Այս լուրն իհարկե բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ հատկապես այս բարդ ժամանակահատվածում, երբ քաղաքական դաշտը առավել քան երբևէ պահանջում է համախմբում։ Պաշտոնական բացատրություններ գրեթե չկան, սակայն տեղի ունեցածը դժվար է բացատրել գաղափարական տարաձայնություններով։ Չէ՞ որ հենց այս ուժերի ձևավորման պահին հայտարարվել էր, որ հիմնական հարցերի շուրջ կա համաձայնություն և միասնական տեսլական։ Այդ պատճառով ավելի հավանական է, որ խնդիրները եղել են ոչ թե գաղափարական, այլ մարդկային և հարաբերական հարթության մեջ։ Քաղաքականության մեջ հաճախ ամենաբարդը ոչ թե գաղափարներն են, այլ մարդկանց հետ աշխատելու կարողությունը։ Չալաբյանի կենսագրությունը ցույց է տալիս, որ նա երկար տարիներ աշխատել է միջազգային հեղինակավոր կառույցներում և Հայաստան է վերադարձել՝ հայրենասիրական մոտիվներով։ Սակայն դա ինքնին դեռ չի երաշխավորում քաղաքական թիմում արդյունավետ ինտեգրում։ Նրա նախկին փորձը ևս հուշում է, որ նման իրավիճակները նոր չեն։ Տարիներ առաջ նա հեռացավ իր իսկ հիմնած «Ազգային օրակարգ» կուսակցությունից, որի ղեկավար դարձավ իր թիմակիցը Արա Հակոբյանը։ Այն ժամանակ ևս խոսվում էր ներսում առաջացած լարվածության և թիմային աշխատանքի դժվարությունների մասին։ Խոսվեց անգամ, որ շատ կուսակիցներ հենց Չալաբյանի դեմ են դուրս եկել ու համախմբվել Հակոբյանի շուրջ։ Այս ամենը ձևավորում է մի պատկեր, որտեղ Չալաբյանը հանդես է գալիս որպես ուժեղ անհատականությամբ գործիչ, սակայն ոչ միշտ՝ թիմային խաղացող։ Նրա հռետորաբանության մեջ հաճախ գերակշռում է «մենք»-ը, բայց այդ «մենք»-ի ներսում կոնկրետ թիմային կառուցվածքը և դերաբաշխումը մշուշոտ են մնում։ Հայաստանի նման իրավիճակում քաղաքական դաշտը կարիք ունի ոչ միայն «փրկիչների», այլև այն մարդկանց, ովքեր կարողանում են կառուցել թիմեր, պահպանել հարաբերություններ և աշխատել տարբեր կենտրոնների հետ։ Հակառակ դեպքում նույնիսկ ամենալավ մտադրությունները կարող են բախվել իրականության կոշտ սահմանափակումներին։ Չալաբյանի վերջին քայլը ևս այդ նույն հարցն է առաջ բերում՝ արդյո՞ք խնդիրը գաղափարների մեջ է, թե մարդկանց հետ աշխատելու կարողության։ Եվ եթե պատասխանը երկրորդն է, ապա սա արդեն ոչ թե մեկ առանձին դեպքի, այլ ձևավորված բնավորությոն մասին է, որը կոնֆլիկտ է տալիս քաղաքական բարձր նշաձողերի հավակնելու հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment