Իրանը Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ 40-օրյա պատերազմից դուրս է եկել ոչ միայն պահպանելով սեփական գոյությունը, այլև հասնելով ռազմավարական երկու նպատակի՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությանը և իր վաղեմի հակառակորդների լայնածավալ հարձակման դեմ ռազմավարական զսպման հնարավորությունների ապահովմանը:
Այս գնահատականը The Wall Street Journal-ում ձեւակերպել է ամերիկացի քաղաքական մեկնաբան Դեւիդ Ս. Քլաուդը, փոխանցել է իսրայելական ռուսալեզու vesty-ին:
Նույն աղբյուրը տարածել է Իսրայելի բանակի Գլխավոր շտաբի նախկին պետ Այզենկոտի հայտարարությունը: Պաշտոնաթող գեներալը վարչապետ Նաթանյահուին հորդորել է «անհապաղ հրաժարական տալ», քանի որ նրան չի հաջողվել «քաղաքական հանրագումարի բերել այն, ինչ արել է բանակը»:
Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետի գնահատմամբ՝ «Իրանում կրոնապետական վարչակազմը ոչ միայն չի տապալվել, այլև ավելի է կազմակերպել եւ բանակցություններում պայմաններ է թելադրում»:
Նաթանյահուի հրաժարականի պահանջով հայտարարություն է տարածել նաև նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Լապիդը: Նա գործող վարչապետին մեղադրել է Իսրայելի «քաղաքացիների տոկունությունը և համբերատարությունը շահագործելու մեջ»:
Լապիդը ուշադրություն է սևեռել Իսրայելի հյուսիսային շրջանի վերաբնակիչներ «ծանր կացության» վրա: Խոսքը Լիբանանից հարձակման ենթարկվող բնակավայրերի մասին է, որտեղ մարդիկ ենթարկվում են հրթիռային հարձակումների:
Այս ֆոնին վարչապետ Նաթանյահուն ապրիլի 8-ի երեկոյան հանդես է եկել տեսաուղերձով: Նա երախտագիտություն է հայտնել իսրայելցիներին, խոնարհվել զոհվածների հիշատակի առջև և հավաստիացրել, որ «հրադադարը պատերազմի ավարտ» չէ:
Նաթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը «հասնելու է վերջնական հաղթանակի»: Իսրայելի վարչապետը երկրի քաղաքացիներին հորդորել է «հաստատակամ լինել» և հավատալ, որ հրեական պետությունը «խորտակիչ հարվածները վերսկսելու բոլոր հնարավորությունները եւ վճռականություն ունի»:
Իսրայելը ռազմական գործողությունները շարունակում է Լիբանանի հարավում: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտից հեռանալուց առաջ լրատվամիջոցներին ասել է, որ Միացյալ Նահանգները լիբանանյան «Հըզբալա»-ի դեմ Իսրայելի հարձակումները դադարեցնելու «որևէ համաձայնություն չի տվել»:
Նա համարել է, որ այդ հարցում իրանական կողմի մոտ «թյուրըմբռնում կա»: Վենսը մեկնաբանել է, որ հրադադարը վերաբերում է միայն Իրանի դեմ հարվածներին եւ նրա կողմից պատասխան գործողություններին, եթե, իհարկե, Թեհրանը «բացի Հորմուզի նեղուցը»:
Ենթադրվում է, որ շաբաթավերջին Վենսը կմեկնի Իսլամաբադ: Իրանական կողմից նրա ենթադրյալ վիզավի Ղալիբաֆը, սակայն, բանակցությունները «անիմաստ» է գնահատել, քանի որ ԱՄՆ-ը «արդեն իսկ երեք պայման խախտել» է: