Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ Զատկի տոնի հետ կապված հրադադարի մասին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ հրադադար հայտարարելու մասին Պուտինի որոշումը կապված է ուղղափառ Սուրբ Զատկի տոնի հետ և կտևի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև 2026 թվականի ապրիլի 12-ի երեկոն:
Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին հանձնարարվել է այս ժամանակահատվածում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով: Զորքերին նաև հանձնարարվել է «պատրաստ լինել կանխելու թշնամու կողմից հնարավոր սադրանքները, ինչպես նաև ցանկացած ագրեսիվ գործողություն»: «Մենք ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի Ռուսաստանի Դաշնության օրինակին», – հավելվում է հայտարարության մեջ:
2025 թվականի ապրիլին ռուսական կողմը նույնպես հայտարարել էր Ուկրաինայի հակամարտության Զատկի զինադադարի մասին:
