
Ինչու սիոնիստական Իսրայելը խախտել հրադադարի վերաբերյալ ԱՄՆ– Իրան պայմանավորվածությունը
Ահաբեկչական պետություն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի գիշերը հայտարարել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության ու հարվածները 2 շաբաթով դադարեցնելու մասին՝ Հորմուզի նեղուցի ամբողջական և անհապաղ բացման դիմաց: Իսրայելն աջակցել է ԱՄՆ-ին, սակայն իշխանությունները նշել են, որ հրադադարի ռեժիմը չի տարածվի Լիբանանի վրա:
Իսրայել պաշտպանության բանակը երեկ հարվածներ է հասցրել Բեյրութում, Բեքաայի հովտում և Լիբանանի հարավում: РБК-ի փոխանցմամբ , Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ հարվածներից զոհվել է ավելի քան 250 մարդ, ավելի քան 1100 մարդ վիրավորվել է: Համաձայն վերջին տեղեկությունների, զոհերի թիվը հասել է 303-ի: Երեկ այս տվյալները դեռ հայտնի չէին, քանի որ շատ մարդիկ դեռ փլվածքների տակ էին: Հարյուրավոր զոհվածներ ու վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում:
Նշենք նաև, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ քիչ չեն ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները: Լիբանանում սուգ է հայտարարվել: Լիբանանի ՆԳՆ-ը մայրաքաղաքի բնակիչներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը կարող է վերսկսել հրթիռային հարվածները Բեյրութի ուղղությամբ, և բոլոր քաղաքացիներին կոչ արել որքան հնարավոր է շուտ լքել քաղաքի փողոցները:
Իսրայելն Իրանի դեմ առաջիկայում, ժամանակավոր հրադադարից հետո պատերազմն, ԱՄՆ-ի հետ միասին, էլ ավելի մեծ թափով վերսկսելուց առաջ, այսպիսով փորձել է հնարավորինս չեզոքացնել լիբանանյան «Հըզբոլահ» շարժմանը, որպեսզի Իրանի դեմ պատերազմում Լիբանանի կողմից իրեն խանգարող քիչ խնդիր ունենա:
Միացյալ Նահանգները, քանի որ սիոնիստական Իսրայելի արյունոտ ու զազրելի գործիքն է, կամակատարը, փոխանակ դատապարտի Իսրայելի ոճրագործությունը, փորձել է արդարացնել այն: Օրինակ, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, թե Վաշինգտոնը չի համաձայնել հրադադարը Լիբանանի վրա տարածելու գաղափարին, թյուրիմացություն է եղել և Իրանն իրենց սխալ է հասկացել:
Իրանը կարող է դուրս գալ խաղաղության համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել հրադադարը և հարձակվի Լիբանանի վրա. այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է իրանական «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրա տվյալներով՝ Լիբանանում «Հըզբոլահ» շարժման դեմ ռազմական գործողությունների դադարեցումը համաձայնագրի կետերից մեկն էր, համապատասխանաբար Թեհրանն իրեն իրավունք է վերապահում դուրս գալ համաձայնագրից:
Իրանական «Fars» գործակալությունը երեկ տեղեկացրել էր, որ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներով հրադադարի մասին համաձայնագրի խախտման պատճառով դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը: Բացի այդ, գործակալությունը հայտնել էր, որ Իրանը նույն պատճառով դիտարկում է Իսրայելի ռազմական օբյեկտների դեմ պատասխան գործողություն իրականացնելու հնարավորությունը:
Հորմուզի նեղուցով նավերի անցման վերաբերյալ այսօր նոր տեղեկատվություն հրապարակվեց: Ինչպես ТАСС-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը, Իրանը Հորմուզի նեղուցով օրական 15-ից ոչ ավելի նավ է բաց թողնելու: Այնպես որ, իր թշնամիների կողմից մասնակի հրադադարի դիմաց Նեղուցի ոչ թե ամբողջական բացում, ինչպես Թրամփն էր պահանջել, այլ ընդամենը մասնակի բացում: Հորմուզի նեղուցով մինչև պատերազմն օրական հարյուրից ավելի նավթ ու հեղուկ գազ տեխափոխող, ինչպես նաև այլ բեռնանավեր են անցել:
Հրադադարի խախտումը չի սահմանափակվել միայն Լիբանանին հասցված հարվածով: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել Մերձավոր Արևելքի հակամարտության գոտու մի քանի վայրերում: Նա բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ու պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարի ռեժիմը, «որպեսզի դիվանագիտությունը կարողանա առաջատար դեր խաղալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանում) հայտարարել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարք է որսացել Իրանի երկնքում արդեն հայտարարված հրադադարի ռեժիմից հետո: ԻՀՊԿ-ում նշել են, որ ցանկացած իսրայելական կամ ամերիկյան թռչող սարքի կողմից Իրանի օդային տարածքի խախտումը կհամարվի ավելի վաղ հայտարարված հրադադարի խախտում:
Իրանական «Press TV» հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը խախտել են Իրանի հետ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ հարձակվելով իրանական Լավան կղզու նավթավերամշակման գործարանի վրա: Իրանական «Mehr» լրատվական գործակալությունը հաղորդել է Իրանի հարավում գտնվող Սիրի կղզում մի շարք պայթյունների մասին: Ըստ այլ տեղեկատվության, կղզիների վրա հարձակումը ֆրանսիական արտադրության «Միրաժ» կործանիչներով կատարել են Կատարի զինված ուժերը: Քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում այս կապակցությամբ գրել է .
«2 ժամ առաջ Աբու Դաբիում և Ֆուջեյրայում գտնվող մնացած նավթային օբյեկտները ոչնչացվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից՝ 17 բալիստիկ հրթիռներով և 35 անօդաչու թռչող սարքերով։
Այս գործողությունը հաջորդեց շեյխերի կողմից հրադադարի խախտմանը՝ թիրախավորելով իրանական Սիրի և Լավան կղզիները և հարձակվելով Լավանի նավթավերամշակման գործարանի վրա»։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում 9 ԱԹՍ է որսացել:
Չորեքշաբթի գիշերը Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկշաբաթյա հրադադարի մասին: Նահանգները, նրա խոսքով, Իրանից ստացել են 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է աշխատանքային հիմք հանդիսանալ բանակցությունների համար:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը դրանից հետո հայտարարել է Միացյալ Նահանգների հետ պատերազմում հաղթանակի մասին, որը, նրա պնդմամբ, ընդունել է Թեհրանի տասը կետից բաղկացած առաջարկը: ԱՄՆ-ն, ինչպես հայտարարել է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհուրդը, համաձայնել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնել Թեհրանի վրա, փոխհատուցում վճարել նրան, հանել պատժամիջոցները և թույլ տալ շարունակել ուրանի հարստացումը, ինչպես նաև զորքերը դուրս բերել Մերձավոր Արևելքից:
Ըստ «Associated Press»-ի տեղեկությունների, հրադադարի պլանի համաձայն, Իրանն ու Օմանը վճար են գանձելու Հորմուզի նեղուցում նավագնացության թույլտվություն տալու դիմաց:
Իսրայելի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ և «Եշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը, «РИА Новости»-ի փոխանցմամբ , X սոցիալական ցանցում Իսրայելի և Իրանի հրադադարը նախկինում աննախադեպ աղետ է անվանել:
«Մեր ողջ պատմության ընթացքում նման քաղաքական աղետ չի եղել,- գրել է նա:-Իսրայելը նույնիսկ չի մասնակցել որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են մեր ազգային անվտանգության հիմնարար հայեցակետերին։ Զինվորականները կատարել են առաջադրված բոլոր խնդիրները, հասարակությունը զարմանալի տոկունություն է ցուցաբերել, սակայն Նաթանյահուն քաղաքական պարտություն է կրել, ձախողվել է ռազմավարական առումով և չի հասել իր իսկ կողմից դրված նպատակներից ոչ մեկին»:
Թրամփը թեև ասել է, թե Իրանից ստացված 10 կետից բաղկացած առաջարկը կարող է աշխատանքային հիմք հանդիսանալ բանակցությունների համար, սակայն այս առումով կեղծել է: Երկշաբաթյա հրադադարն ԱՄՆ-ին և Իսրայելին անհրաժեշտ է Իրանի դեմ պատերազմը նոր թափով վերսկսելուց առաջ, պատերազմում նրանից ստացած վերքերը հնարավորինս ապաքինելու, Իսրայելին նաև՝ հավելյալ զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա ձեռք բերելու, ԱՄՆ-ին նաև՝ տարածաշրջանում իր զորակազմի և ռազմական տեխնիկայի թվաքանակն ավելացնելու համար: Թրամփը հրադադարը ցանկացել է նաև նրա համար, որ այդ ընթացքում «Ջորջ Բուշ» ատոմային ավիակրի գլխավորությամբ տարածաշրջան հասնի ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խմբավորումը:
Հիմա ոմանք գուցե մտածեն՝ մի՞ թե Իրանի ղեկավարությունում հիմարներ են, որ չեն գիտակցել այս ամենը և համաձայնել են հրադադարին: Իհարկե՛ ոչ: Խնդիրն այն է, որ Իրանին նույնպես այդ ժամանակն անհրաժեշտ է թշնամիներից իր ստացած վերքերն ապաքինելու, իսկ բարեկամներից զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա, մասնավորապես, ՀՕՊ արդյունավետ միջոցներ ձեռք բերելու համար:
ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են վաղը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Թեհրանը բանակցային ողջ գործընթացի համար 2 շաբաթ է հատկացրել՝ այդ ժամկետի համար սահմանելով հրադադարի ռեժիմ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր CNN հեռուստաալիքը, ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Ըստ Իրանի պետական հեռուստատեսության, բանակցությունները, ինչպես սպասվում է, կլինեն ուղիղ:
Բազմաթիվ հիմքեր կան եզրակացնելու, որ հիշյալ բանակցությունները հակամարտ կողմերի համար, ցավոք, ընդամենը ժամանակ շահելու միջոց են և արդյունք չեն տալու, որից հետո պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով:
Մեդվեդևը կարծում է, որ ԱՄՆ-ը չի համաձայնի Իրանի խաղաղ ծրագրին
ԱՄՆ-ը չի համաձայնի Իրանի 10 կետից բաղկացած խաղաղ պլանին.
Դմիտրի Մեդվեդև. Արխիվային լուսանկար
Ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Վաշինգտոնը չի համաձայնի իրանական 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին: Մեդվեդևը իրանցիների հաջողությունն է համարել այն փաստը, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է քննարկել 10 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը:
«Հարցն այն է, թե արդյոք կհամաձայնվեն դրան Վաշինգտոնում. չէ՞ որ այնտեղ և՛ Իրանին հասցված վնասի փոխհատուցումն է, և՛ միջուկային ծրագրի շարունակումը, և՛ Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի վերահսկողությունը։ Ակնհայտ է, որ ոչ: Դա նվաստացուցիչ է նրա համար և կնշանակի Իրանի իրական հաղթանակը։ Հետո ի՞նչ: Կրկին մարտական գործողություններ»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութերն այստեղ՝
https://www.youtube.com/shorts/qpvL8S7Sv5M
https://www.youtube.com/shorts/cUfPl93Iaw0