
«Հայաստանի Հանրապետությունը պետք է հետևություններ անի, որովհետև Իրանի դեմ պատերազմի ելքից է կախված, թե ինչ տեղի կունենա, օրինակ, Հայաստանի հարավային դարպասը հանդիսացող Սյունիքի մարզում՝ արդեն իսկ պայմանավորված Թրամփի ճանապարհի մասով»,- այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Եթե այս պատերազմը վերջանա այնպես, որ Իրանը լինի իր պայմանները թելադրող՝ եթե ոչ Միացյալ Նահանգներին, բայց տարածաշրջանում, ապա տարածաշրջանի ամբողջ քաղաքական քարտեզը կարող է վերանայվել։ Պարսից ծոցի բոլոր երկրներն այլևս կարող են հետևություններ անել և հույս չկապել արևմտյան ներուժի, մասնավորապես Միացյալ Նահանգների ներուժի հետ և բավականին զգույշ մոտեցում ցուցաբերել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների իմաստով․․․
Շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում։ Հետևաբար չի կարելի ուղղակի ջայլամի պես գլուխը մտցնել հողի մեջ և մտածել, որ մենք կապ չունենք, մեզ վրա չի անդրադառնա․․․
Հայաստանի Հանրապետության համար շատ լուրջ շանսեր են բացվելու, և մենք պետք է ունենանք կոմպետենտ, խելացի, միջազգային իրավիճակը կանխատեսող մարդիկ, ովքեր կկարողանան այդ կանխատեսման արդյունքում կատարել կարևոր եզրահանգումներ, դրանց հիման վրա ընդունել որոշումներ և այդ որոշումներից շահի Հայաստանը»,- ընդգծել է Մարուքյանը՝ հավելելով՝ էքզիտենցիալ վտանգների առաջ ենք կանգնած։