«Արտեմիս 2»-ի աստղագնացները պատմում են թռիչքի մասին

«Արտեմիս 2»-ի աստղագնացները պատմում են թռիչքի մասին

«Արտեմիս 2» առաքելության չորս աստղագնացները Լուսնի շուրջ թռիչքն ավարտելուց հետո վերադառնում են Երկիր։ «Օրիոն» տիեզերանավը պետք է վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսում՝ Սան Դիեգոյի ափերի մոտ։ Առաքելության ընթացքում անձնակազմը տիեզերքից մամուլի ասուլիս է անցկացրել՝ առաջին անգամ կիսվելով Լուսնի շուրջ կատարած թռիչքի տպավորություններով։ Աստղագնացները նշել են, որ իրենց դեռ սպասում է վերադարձի ամենաբարդ փուլը՝ մուտքը Երկրի մթնոլորտ։

Առաքելության օդաչու Վիկտոր Գլովերը հայտնել է, որ անձնակազմը մեծաքանակ լուսանկարներ և գիտական տվյալներ է հավաքել։ Ըստ նրա՝ ամենահիշարժան պահերից մեկը Լուսնի հակառակ կողմում գտնվելն էր, երբ շուրջ 40 րոպե Երկրի հետ կապը բացակայում էր։ Հրամանատար Ռիդ Վայզմենը հավելել է, որ այդ ընթացքում անձնակազմը զբաղվել է գիտական դիտարկումներով և Լուսնի մակերևույթի ուսումնասիրությամբ։ Վերադարձի ժամանակ «Օրիոնը» մթնոլորտ կմտնի մոտ 38,000 կմ/ժ արագությամբ, ինչն առաքելության ամենավտանգավոր փուլն է։

Վիկտոր Գլովերը և նրա գործընկերները՝ Ռիդ Վայզմենը, Քրիստինա Քոխը, ինչպես նաև կանադացի աստղագնաց Ջերեմի Հանսենը, «Արտեմիս» ծրագրի առաջին անձնակազմն են։ Ծրագրի նպատակն է մինչև 2028 թվականը վերադարձնել մարդուն Լուսնի մակերևույթ՝ առաջ անցնելով Չինաստանից, և ապահովել ԱՄՆ-ի երկարաժամկետ ներկայությունը Լուսնի վրա։ Հաջորդ տասնամյակում նախատեսվում է կառուցել լուսնային բազա՝ Մարս ուղարկվող ապագա առաքելությունների համար։

Քոխն այս առաքելությունների շարքը համեմատել է էստաֆետի հետ. «Մենք նույնիսկ էստաֆետային փայտիկներ ունենք, որոնք ձեռք ենք բերել որպես խորհրդանշական նշան»։ Նա նշել է, որ պլանավորում են դրանք փոխանցել հաջորդ անձնակազմին, և այն ամենը, ինչ անում են, անում են՝ հաջորդների մասին մտածելով։

Leave a Comment