24news.am-ը գրում է․
Բժշկական հետազոտությունների արդյունքում 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում … Այնինչ, այդ օրը, եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք` մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30-ին քննիչները խուզարկություն իրականացրեցին տղաների բնակարանում։ Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Պաշտպանության կողմը պնդում է, որ 18-ամյա Դավիթը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության հետ, և տղան պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։
Հիշեցնենք նաև, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ՝ ուսումը կազմակերպելու նպատակով, սակայն ճանապարհին Դավիթի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, որտեղից էլ՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: