Քաղաքացիները դատախազության մոտ պահանջել են ազատել 18-ամյա Դավիթին կամ փոխել խափանման միջոցը

Քաղաքացիները դատախազության մոտ պահանջել են ազատել 18-ամյա Դավիթին կամ փոխել խափանման միջոցը

9 ապրիլի 2026 – 17:26 AMT

PanARMENIAN.Net – Գլխավոր դատախազության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ, հիմնականում կանայք և հասարակական ակտիվիստներ, խաղաղ ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն կալանավորված 18-ամյա աշակերտ Դավիթ Մինասյանի։

Ակցիայի մասնակիցների թվում էր նաև «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը, որի նախաձեռնություններով բազմաթիվ երեխաներ հաղթահարել են ծանր հիվանդություններ, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ Դավիթ Մինասյանն ունի առողջական խնդիրներ և զրկված է կրթության իրավունքից։

«Դավիթն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, զրկված է կրթություն ստանալու իրավունքից։ Մենք՝ սրտացավ քաղաքացիներով այստեղ ենք, որպեսզի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացնենք մեր խնդրանք-պահանջը՝ ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել համաչափ պատժամիջոց՝ պայմանական տնային կալանք։ Պահանջում և խնդրում ենք, որ տիկին Վարդապետյանը իջնի ներքև, զրուցի մեզ հետ»,-ասել է Հովհաննիսյանը։

Դատախազությունից առաջարկվել է երկու մասնակցի ուղեկցել շենք՝ նամակը հանձնելու համար, սակայն ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենց նպատակը հանդիպումն է դատախազի հետ։

«Բայց մեր նպատակը ոչ թե շենք մտնելն է, այլ տիկին Վարդապետյանի հետ հանդիպելը»,-ասել է Հովհաննիսյանը։

Վանաձորից ժամանած մասնակիցներից մեկը նշել է, որ անձամբ չի ճանաչում Դավիթին և նրա ընտանիքին, սակայն նախաձեռնել է ստորագրահավաք՝ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու նպատակով։ Արձանագրվել է, որ հավաքվել է մոտ 4000 ստորագրություն, սակայն ՄԻՊ Անահիտ Մանասյանի հայտարարությունը նրան չի բավարարել։

Դերասանուհի Անաիս Սարդարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դիտել է միջադեպի տեսագրությունները և բռնության ակնհայտ դրսևորում չի նկատել, հայտնում է Aysor.am-ը:

«Ինքը ձեռքը գցել է, ստացել է հարված, ընկել է գետնին։ Էդ երեխեն բազմաթիվ հիվանդութուններ ունի՝ կալանքի հետ անհամատեղելի։ Ես այստեղ եմ՝ էդ վերևի մարդուն ասելու, որ էս երկրում չպիտի խոսքի, վերաբերմունքի, քաղաքական հայացքների համար միանգամից կալանքի տարվեն, դա նորմալ չի։ Գոյություն ունեն տնային կալանք, պայմանական կալանք և նման բաներ։ Շատ մարդիկ չգիտեն դրա մասին»,-ասել է նա:

12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մինասյանը կալանավորվել է մարտի 29-ին՝ Ծաղկազարդի տոնին։ Նա գտնվել է Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, երբ տեղի ունեցած միջադեպից հետո Դավիթ և Միքայել Մինասյանները ձերբակալվել են։ Ավելի ուշ եղբայրը ազատ է արձակվել, իսկ Դավիթ Մինասյանը կալանավորվել է երկու ամսով։ Նշվել է նաև, որ տեղափոխման ընթացքում նրա առողջական վիճակը վատացել է, արձանագրվել են գիտակցության կորուստներ, և այս պահին նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Leave a Comment