Երևանի ժամանակով՝ Չարենց — Հայաստանի Հանրային Ռադիո

Ռադիոտնից Աբովյան փողոց հասնելու համար նախ անցնում ենք Չարենցի հուշարձանի կողքով, Խանջյանով թեքվում Թումանյան, հետո՝ Աբովյան ու հասնում «Գրանդ Հոթել Երևան»՝ նախկին «Ինտուրիստ»։

Այստեղ մեզ՝ ինձ ու Անի Մինասյանին, արդեն սպասում էր հյուրանոցի մենեջերը՝ Անի Շահբազյանը։ Հյուրանոցի «հին կյանքի» որոշ սենյակներ տեսնելու խնդրանքս նրան չէր զարմացրել. պարզվում է՝ լրագրողներն այստեղ հաճախ են լինում, թեև, ինչպես ինքը նշեց. «Ռադիոյի մարդիկ վաղուց այս կողմերում չէին երևացել»։

-Սա էլ Չարենցի համարը,- ասում է Անին ու բացում պատմական սենյակի դուռը։ Հիմա այն հյուրանոցի ամենաշքեղ՝ «լյուքս» համարներից է։

Ներս ենք մտնում։ 21-րդ դարի դիզայնն ու հարմարավետությունը ջնջել են անցյալի հետքերը՝ թողնելով միայն «թանկ ու սառը» լռություն։ Բայց բավական է մի պահ կտրվել ներկայից, փակել աչքերը, ու սենյակը լցվում է 20-ականների շնչով՝ գրամեքենայի նյարդային կտկտոցով, ծխախոտի ծանր հոտով ու Ռադիոյի… հեռավոր արձագանքներով։

«Այս պատերը շատ բան գիտեն». արձանագրում եմ ու բացում աչքերս: Դիմանկարից ինձ է նայում Չարենցը, պատշգամբից՝ Ազնավուրի հրապարակը։ Մտքով վերադառնում եմ ներկա՝ ու կրկին արձանագրում․ 1928-ին Աստաֆյան 14-ը պարզապես հասցե չէր, այն ընդհանուր տուն էր Պոետի ու Ռադիոյի համար։

Ռադիոալիքների ստվերում

«Ինտուրիստն» իր դռները բացեց 1928-ին։ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի մտքով անգամ չէր անցնում, որ կերտում է մի «քարե ականատես», որն իր կամքից անկախ դեռ շատ բան էր տեսնելու… ու լսելու։ 

Հենց բացման տարում Երևանի հին կայարանից այստեղ տեղափոխվեց նորաստեղծ Ռադիոն։ Ունեցածն ընդամենը 700 ռուբլի էր ու չորս սենյակ զբաղեցնելու թույլտվություն։ Ճիշտ նույն ժամանակ հյուրանոցի երկրորդ հարկում սենյակ վարձեց Եղիշե Չարենցը։

               Եղիշե Չարենց. 1930-ականներ

Չարենցի տուն-թանգարանի նախկին տնօրեն Լիլիթ Հակոբյանը՝ այդ օրերի Պոետի ու Ռադիոյի մասին։

Լիլիթ Հակոբյան․ «1927 թվականի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը մահացավ նրա սիրելի կինը՝ Արփենիկը։ Չարենցն այդ կորուստը շատ ծանր տարավ. կարող եմ ասել՝ այն իր հետ կրեց մինչև կյանքի վերջ։ Այդ օրերին Պոետն արդեն աշխատում էր «Պետհրատում» և տեղափոխվեց «Ինտուրիստ» հյուրանոց։ Այնտեղ նա ապրեց մինչև 1935 թվականը»։

 Կանգնել եմ ամբողջ հասակովս մեկ․․․

Կանգնել եմ ամբողջ հասակովս մեկ
Եվ երգում եմ ես։
Եվ հոգիս հիմա՝ ռադիո-կայան՝
Իր հրակարմիր երգն է ուղարկում
Հեռո՜ւ ու հեռո՜ւ,—
Բոլո՛ր սրտերին, որ ապրում են, կան
Բոլո՛ր կողմերում․․․

Չարենցն ու Ռադիոն հանդիպել էին դեռ 1920-ականներին՝ «Ռադիոպոեմներում»։ Դարաշրջանի հայտնագործությունը նրա համար լոկ նորույթ չէր, այլ սեփական տեսլականի իրականացումը։ «Ինտուրիստում» Ռադիոն դարձավ նրա հարևանը, որի հետ կիսեց կյանքի հաջորդ յոթ տարիները։ Նույն հարկի տակ ապրելն ավելի բարեկամացրեց նրանց։

Ռադիոպոեմների գրիչը։ Լուսանկարը՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանից։

Լիլիթ Հակոբյան. «Էդ տարիներին էդտեղ էր տեղավորված նաև Հայաստանի ռադիոկոմիտեն։ Եվ էդտեղ Չարենցն անկյունում մի աթոռ է ունեցել։ Ամեն օր, երբ Ռադիոն սկսել է իր աշխատանքները, Չարենցը շատ լուռ, հանգիստ նստել է անկյունում և ունկնդրել ռադիոյի այդ օրվա հաղորդումները։ Եվ ինչ ոգևորություն է ապրել, որ Հայաստանն ունի իր Ռադիոն»։

Ըստ վարկածի՝ հյուրանոցի հենց այս տարածքում է աշխատել նորաստեղծ Ռադիոն

Այն ժամանակ մագնիսական ժապավեն դեռ չկար. ամեն ինչ հեռարձակվում էր բացառապես ուղիղ եթերում, ու Չարենցն էլ այդ եթերների ամենահավատարիմ ունկնդիրն էր։ Ու այն, որ Պոետն իսկական «ռադիոֆանատ» էր, հաստատում է նաև անվանի դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը՝ իր հուշերում։

«Երբ հայտագրում Կոմիտաս կար, ինձ համար սովորական էր դարձել ներս մտնելիս տեսնել Չարենցին՝ արդեն ինձնից առաջ տեղավորված և դաշնամուրի կողքին սուսուփուս նստած»։        

«Ուզո՞ւմ եք տեսնել Արաքսը»

Չարենցին ու Ռադիոյին մտերմացնում էր նաև Արաքսյա Գյուլզադյանը։ Պոետի համար նրա ձայնը հենց վարար Արաքսն էր, որն ամեն օր «Ինտուրիստի» պատերից եթեր էր հորդում։

Հաճախ, հյուրեր ունենալիս, կատակով հարցնում էր. «Ուզո՞ւմ եք տեսնել Արաքսը», ու նրանց ուղեկցում Ռադիոյի փորձասենյակ՝ երգչուհու հետ ծանոթացնելու։

Լիլիթ Հակոբյան. «Աշուղական երաժշտությունը Չարենցի պաշտամունքն էր։ Արաքսյան էլ էր էդտեղ ապրում, ու նրանք հաճախ էին հավաքվում ներքևի սրճարանում։ Չարենցը Ռադիոյի փորձերից անմիջապես հետո հիացած քննարկում էր նրա երգարվեստը՝ Սայաթ-Նովայից մինչև Շերամ ու Ջիվանի»։

Այս ստեղծագործական եռուզեռի մեջ էլ Ռոմանոս Մելիքյանն ու Արամ Մերանգուլյանը որոշում են Գյուլզադյանին դարձնել «Արևելյան» անսամբլի մենակատար։

Պատմում է Ռուբեն Մաթևոսյանը՝ Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու Արաքսյա Գյուլզադյանի բարեկամը։

Ռուբեն Մաթևոսյան. «Գյումրեցի այդ աղջիկն արդեն Շերամի երգերի լավագույն կատարողն էր։ Ռոմանոս Մելիքյանը նախընտրեց հենց նրա ելույթը Ռադիոյում. նա հանձն առավ պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնել անսամբլն ու անձամբ պարապել Արաքսյայի հետ»։

Աստաֆյան 14. Հանդիպման վայր

«Ինտուրիստ»

30-ականների Երևանում այս հյուրանոցի փոքրիկ սրճարանն այն եզակի վայրերից էր, որտեղ բոլորը հանդիպում էին բոլորի հետ՝ պրոլետարներն ու «հակահեղափոխականները», բանաստեղծները, նկարիչները, Ռադիոյի առաջին ձայներն  ու, իհարկե․․․լրտեսները։  

Լիլիթ Հակոբյան. «Էդ տարիներին էդտեղ էին ապրում Փանոս Թերլեմեզյանը, Շիրվանզադեն ու նաև Արաքսյա Գյուլզադյանը․․․»։

Չարենցի ներկայությամբ երեկույթները դառնում էին բուռն ու կրքոտ, հատկապես, երբ քննադատում էին իրեն։ Նա չէր արդարանում, նա պոռթկում էր. «Հը՛, սենտիմե՞նտ եք փնտրում։ Իզո՛ւր։ Սա՛ է ապագայի պոեզիան, տեսլականը, որից դուք ոչինչ չեք հասկանում, որովհետև տգետ եք ու մեշչան։ Հետո կհասկանաք…»։ Ասում էր ու ձեռքը թափ տալով՝ հեռանում։

Լիլիթ Հակոբյան. « Հանճար լինելով հանդերձ՝ Չարենցը նաև նորարարություն սիրող մարդ էր, նորարարներին ճանապարհ տվող մարդ էր։ Շատ մեծ ճաշակ ուներ, բայց միանշանակ չէր ընդունվում շրջապատի կողմից, բնականաբար։ Ինքը ժամանակից առաջ էր անցած։ Ժամանակը քայլում էր իր հետևից»։

Բայց Չարենցը նաև փակվում էր աշխարհից ու աղմուկից, ու այդ պահերին նրա կողքին Աղասի Խանջյանն ու Արաքսյան էին․ երկրի առաջին դեմքը, որը Պոետի հոգին հասկանում էր ամենքից լավ, ու երգչուհին, որի ձայնը հարազատ էր ու սփոփիչ»։

Ճամփորդություն դեպի սահման

Ռուբեն Մաթևոսյան. Արաքսյայի ամուսինը Խանջյանի վարորդն էր, և Արաքսյան, ամուսինը, Չարենցը ու Խանջյանը գնում էին սահմանի մոտ։ Չարենցը պառկում էր գետնին, նայում էր Մասիսին, իսկ Արաքսյան երգում էր․ «Ամպերն ելան բլուր-բլուր, Մասիս սարի կատարեն…»։ Այդ բաց տարածության մեջ հնչում էր էդ շատ հզոր ձայնը (իսկ Արաքսյան շատ հզոր ձայն ուներ), և իրենց կարոտը զգալով, մի կերպ հաղթահարելով այդ դառնությունը, որ մեզ հետ չէ մեր սուրբ լեռը, վերադառնում էին քաղաք։ Դա շատ հաճախ էր պատահում։ Համենայն դեպս Չարենցն այն մարդը չէր, որ սենտիմենտալ լիներ, շատ մտածված էր նրա յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր միտքը։ Ամեն ինչ մտածված էր․․․»։

«Ինտուրիստից» հետո

Այս պատմության հերոսների կյանքում դրամատիկ շրջադարձերը վրա հասան միաժամանակ։ Առաջինն «Ինտուրիստ»-ից հեռացավ Չարենցը։ 1935-ին Խանջյանը նրան նոր բնակարան տրամադրեց, որտեղից էլ Պոետը գնաց իր «հավերժի ճանապարհով»…

Լիլիթ Հակոբյան․ «35 թվից սկսած նրա շրջապատը կամաց-կամաց նոսրանում էր։ Պակասում էին ծանոթները, մտերիմները, որոնք իրեն միշտ այցելում էին։ Արդեն ձերբակալված էին շատ մտավորականներ։ 36 թվին արդեն ձերբակալված էր նրա շատ մտերիմ ընկերը՝ Ներսիկ Ստեփանյանը։ 36 թվի հուլիսի 9-ի այդ ողբերգական օրը՝ Խանջյանի մահը, որն ինքն այդպես էլ չընդունեց, որ Խանջյանը ինքնասպան է եղել։ Մի փոքրիկ պատառիկի վրա ինքը գրել է, չէ՞. «Աղասին վերջին արքան է Նաիրյան, որին սպանեց Բերիան»։ Եվ այդ շրջանից էլ սկսվեց նրա «Դոֆինը նաիրական» պոեմների շարքը»։  

«Դոֆինը նաիրական» պոեմի ձեռագրերից

Հերթը Ռադիոյինն էր

Արխիվները փաստում են՝ 1935-ի ամռանը Ժողկոմխորհը հրահանգեց Ռադիոյին «լքել» «Ինտուրիստի» ազատ միջավայրն ու տեղափոխվել Փոստի շենք։

Սա միայն հասցեի փոփոխություն չէր. սկսվել էին տոտալ վերահսկողության ժամանակները։ Հյուրանոցում դադարեցին նաև անսամբլի փորձերը, ու Արաքսյա Գյուլզադյանի ձայնն այլևս չէր հնչում միջանցքներում․․․

Արաքսյա Գյուլզադյան

Ռուբեն Մաթևոսյան.  « Նա մինչև 40-ականները Ռադիոյում էր, բայց հետո չէր կարող, որովհետև ամուսինը ձերբակալված էր Չարենցի հետ… Դժբախտաբար, տարիների հետ, երբ արդեն Արաքսյան չէր աշխատում, հրաշալի երգչուհին մատնվեց գրեթե մոռացության։ Նրա բոլոր ձայնագրությունները, որ կար ամերիկյան սիստեմով՝ Փոստի շենքում (ձայնադարանը ներքևում էր), 46 թվականի ջրհեղեղից ոչնչացավ. համարյա Արաքսյայից ոչինչ չմնաց… Ձայնի պատառիկներ ։Եվ միայն Ստալինի մահից հետո Արաքսյան նամակ գրեց, որ՝ էսպես, էսպես… խնդրում եմ գոնե մի քանի երգ ձայնագրել. չէ՞ որ ես պատմություն եմ։ Եվ անմիջապես հրահանգ եկավ՝ ձայնագրել Արաքսյա Գյուլզադյանին, բայց արդեն խլխլված՝ այսինքն, գրեթե երգչական բոլորի դրույթները բացակա վիճակով։ Միայն զգացումների գերխտացումներով երգեց, որ մնացել էր իր հոգում․․․այդպես նա ձայնագրեց այն 12 երգը, որ այսօր մենք սրբությամբ պահում ենք ռադիոյի Ոսկե ֆոնդում»։  

Ահա և ողջ պատմությունը Պոետի ու արդեն 100-ամյա Ռադիոյի մասին

Անի Մինասյանի հետ դուրս ենք գալիս հյուրանոցից՝ բազմաթիվ լուսանկարներով։ Անին ողջ ընթացքում չէր դադարում «չխկացնել»։ Մի անգամ ևս շրջվում ու նայում ենք Չարենցի 328 սենյակի բաց պատշգամբին, որը դեռ շատ բան կհիշեր անցած-գնացած օրերից։ Աբովյանից շրջվում ենք  Թումանյան, Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկ և հասնում Ալեք Մանուկյան 5՝ Ռադիոտուն։

Ռուբեն Մաթևոսյան. «Ես հպարտ եմ, որ այդ մարդու բրոնզաձույլ արձանը Ռադիոյի կողքին է…»։

Մարդիկ այս փողոցներով քայլում են այսօրվա ռիթմով՝ չկասկածելով անգամ, որ դեռ 1985-ին մի պարզ արդարություն հաստատվեց. Չարենցը, որն ապրում էր Ռադիոյով, այսօր բրոնզաձույլ կանգնած է Ռադիոտան դիմաց։ Ու ամեն առավոտ, երբ հնչում է եթերը, նա կրկին լսում է իր սիրելի քաղաքի ձայնը. «Երևանի ժամանակով…»։

Ձգվել են ցանցեր,
Երկաթե անտես ցանցեր ու ցանցեր
Աշխարհում անծիր, —
Սրտից սիրտ հիմա, քաղաքից քաղաք —
Վառ, կարմիր ցանցեր…
Մեր կա՜մքն է այդպես հզոր շղթայել
Աշխարհը համակ, —
Մեր կամքը՝ թռչող, որպես փոթորիկ,
Ու տոկուն, համառ, որպես ժամանակ…

Leave a Comment