Փաշինյանը հունիսին Պուտինի հետ նոր հանդիպման պայմանավորվածության մասին է հայտնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի երկրորդ կեսին նոր հանդիպում անցկացնելու պայմանավորվածության մասին։ Այս մասին վարչապետը հայտնել է ապրիլի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ՝ ամփոփելով ՌԴ առաջնորդի հետ ունեցած վերջին բանակցությունների արդյունքները։ Ճեպազրույցը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Հատկանշական է, որ հանդիպումը նախատեսված է հունիսի առաջին կեսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։

Փաշինյանի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հետագա շփումները և պայմանավորվել բարձր մակարդակի բանակցությունների շուրջ։

Նա, ընդհանուր առմամբ, հաջողված է համարել իր ռուսաստանյան այցը։

Մոսկվայում ապրիլի 1-ին կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են տնտեսական համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ում նախընտրական գործընթացներին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։ Հանդիպման փակ մասը տևել է մոտ երկու ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զրույցն անվանել է անկեղծ, իսկ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Երևանը իրազեկվել է առանձին հարցերի վերաբերյալ Մոսկվայի մտահոգությունների մասին։

Անդրադառնալով երկաթուղու կոնցեսիոն կառավարման հնարավոր փոփոխության մասին լուրերին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Երևանը որևէ գործողություն չի ձեռնարկում Մոսկվայի թիկունքում կամ ի վնաս նրա շահերի։

«Մենք մտադիր չենք որևէ բան անել Ռուսաստանի թիկունքում և ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Առնվազն այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները մնում են լայն և բաց, մենք կշարունակենք աշխատանքը», – նշել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ Ղազախստանը դեռևս օգոստոսից հետաքրքրություն է ցուցաբերում TRIPP նախագծի նկատմամբ, քանի որ այն վերաբերում է միջազգային տրանսպորտային երթուղիների զարգացմանը։ Ըստ նրա՝ խոսքը նոր տարանցիկ հնարավորությունների ձևավորման մասին է, որոնք հետաքրքրում են մի շարք երկրների։

Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է տարբեր երկրներին առաջարկել իր տարածքով անցնող երթուղիները արտահանման, ներմուծման և լոգիստիկ ծառայությունների համար։ Այն ենթադրում է նաև համագործակցություն տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ։

Փաշինյանը փետրվարին հայտնել էր, որ իշխանությունները դիտարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երրորդ երկրի փոխանցելու հնարավորությունը: Հնարավոր տարբերակների թվում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը: Ընդ որում, ըստ նրա, երկաթուղին մնում է Հայաստանի սեփականությունը, իսկ կառավարման մոդելի վերանայումը պայմանավորված է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում երկրի մրցունակությունը բարձրացնելու ձգտմամբ:

Մինչդեռ Մոսկվան և Աստանան հայտարարում են՝ երկաթուղու կոնցեսիան փոխանցելու շուրջ բանակցություններ չկան։

Leave a Comment