Փաշինյանը՝ Կարապետյանի մասին․ Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է

Փաշինյանը՝ Կարապետյանի մասին․ Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է

9 ապրիլի 2026 – 16:12 AMT

PanARMENIAN.Net – Ակնհայտ է, որ գործարար «Սամվել Կարապետյանն իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Կարապետյանի վերաբերյալ իր նախկին հայտարարությանը, հայտնում է 1lurer.am-ը:

Ավելի վաղ Փաշինյանը գրել էր․ «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»:

«Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, ես տեսա, որ ամենատարբեր մեկնաբանություններ կան: Եթե զգացել եք, իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, ես չեմ ասում՝ ես խոստանում եմ, ես ասում եմ՝ վախենում եմ, որ այդպես կլինի: Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, նաև Հայաստանից դուրս գտնվող շրջանակների, որոնք որ որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է: Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- նշել է նա:

Հարցին, թե ինչ խոստումների մասին է խոսքը, վարչապետը պատասխանել է, որ ինքը չի կարող ներկայացնել ուրիշների պարտավորությունները։

«Ես ուրիշների խոստումները հանրությանը ներկայացնող սուբյեկտը չեմ, դրա համար կան սուբյեկտներ, թող իրենք պարզաբանեն՝ ում ինչ են խոստացել, ում առաջ ինչ են պարտավորվել, ում ինչ են հավաստիացրել, և այլն: Դա մեզ հետ կապ չունի: Մենք մեր պրոցեսները թափանցիկ կերպով, որը էլի էս կոնտեքստի հետ կապ չունի, նաև ՀԷՑ-ի պատմությունը, որը հիմա ըստ էության պետականացված է դե ֆակտո, և դե յուրեն էլ տեղի կունենա, բայց դա արվել է այդ թվում Հայաստանի սպառողների պահանջով:

Ես ուզում եմ հիշեցնել, ես դրա մասին տասնյակ անգամ խոսել եմ, և տասնյակ անգամներով աշխատանքային կարգով մենք զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու: Դա տևել է տարիներ, և կայացվել է որոշում, հիմա ՀԷՑ-ը Հայաստանի կառավարության, պետության տիրապետության ներքո է, և կշարունակի այդպիսին լինել: Մեր պլանն է, որովհետև իրավական ընթացակարգեր կան, այսպես ասած իմ տեսադաշտում գտնվող հատվածը կարող եմ մեկնաբանել, որ մեր լավագույն նպատակադրումն է, որ այն դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն, և մենք միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրենք հնարավոր ամենաարդյունավետ և ամենապրոֆեսիոնալ կառավարչին, որպեսզի նա ՀԷՑ-ը կառավարի այնպես, որպեսզի Հայաստանի սպառողների շահերը պաշտպանվեն, ոչ թե կառավարվի այնպես, որ մեր սպառողների հաշվին բանկերից տոկոսներով վարկեր վերցվեն և իրար միջև՝ հարազատների, բարեկամների միջև բաշխվեն, և Հայաստանի ընդհուպ զորամասերի և պետական մարմինների վրա հավելագրումներ անեն էլեկտրական հոսանքի»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանի առաջին հայտարարությանը պատասխանել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ: Դա, օրինակ, վարչապետի խոսո՞ւյթ է, ժողովուրդ»,- հայտարարել է Կարապետյանը։

Leave a Comment