Այստեղ արդեն Վենեդիկտովը պայմանականությունները մի կողմ է թողնում և բացատրում, որ Ուկրաինայի դեմ պատերազմի նախապատրաստվող Ռուսաստանի համար «Ղարաբաղը համարժեք մեծություն չէր, որպեսզի նա իր հարավային թևը ապահովագրելու համար Թուրքիայի հետ պայմանավորվածությունների չգնար»: Պարզ հասկացվում է, որ ռուսաստանցի լրագրողը նկատի ունի քառասունչորսօրյա պատերազմին նախորդած ռուս-թուրքական պայմանավորվածությունը, բայց հարցազրույցավարը շարունակում է հարցնել. «Այսինքն, Ռուսաստանը Արցախից հրաժարվել է հանուն Թուրքիայի՞»:
-Չգիտեմ, ես ռուս-թուրքական գաղտնի բանակցություններում «մոմ չեմ պահել», ես ներկայացնում եմ ընդհանուր տրամաբանությունը,- արդեն պատշաճությունից դուրս «բացատրություն է տալիս» Վենեդիկտովը, որ, ի դեպ, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո Մոսկվայից հեռացել և ապրում է, կարծես, Իսրայելում:
Ի՞նչ է հետևում այս հարցազրույցից: Եթե Վենեդիկտովը Ռուսաստանի «մտավորականության խիղճն է», ինչպես նման դեպքերում է ասվում, ապա նա մեզ խորհուրդ է տալիս «չհիանալ, որպեսզի չհիասթափվենք»: Շատ կարևոր է, որ նախընտրական այս շրջանում Հայաստանի քաղաքացին նման խորհրդատու ունի: Ընդ որում, «չհիանալու» հորդորը վերաբերում է թե ռուսամետ, թե արևմտամետ քաղաքացուն: Նա պետք է համոզվի, որ միջպետական, միջազգային հարաբերություններում ոչինչ «հանուն գեղեցիկ աչքերի» չի արվում: Եվ այն, ինչ մենք շարունակում ենք մեր հանդեպ «դավաճանություն» անվանել, աշխարհի ուժեղների համար «հաջողված դիվանագիտություն» է: Ինչպես քառասունչորսօրյա պատերազմից հետո Շոյգուն ասաց, որ «Ղարաբաղում թուրքերի հետ բարդ օպերացիա է իրականացվել»: