ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Լիբանանում ավիահարվածներից զոհվածների ընտանիքներին, ասվում է գերատեսչության X սոցիալական հարթակում գրառման մեջ։
«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանում ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ։ Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում արագ ապաքինում տուժածներին»,- նշել է ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը հույս է հայտնել, որ լարվածությունը կթուլանա և բոլոր ռազմական գործողությունները կդադարեն։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասերի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել էր 112 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել էր 837-ի:
Ավելի վաղ Իսրայելն ամենածանր հարվածներն էր հասցրել Լիբանանին «Հեզբոլլահի» հետ մարտ ամսին սկսված հակամարտության սկզբից ի վեր: Իրանը տարածաշրջանային միջնորդներին փոխանցել էր, որ Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններին իր մասնակցությունը կախված է Լիբանանում հրադադարի հաստատումից։
