Երևանում կայացել է «Կյանքս» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Այն պատմում է հայ կնոջ հավաքական կերպարի և սերունդների միջև արժեքների փոխանցման մշակույթի մասին։

Ցուցադրությունը տեղի է ունեցել ապրիլի 8-ին` Մատենադարանում։

Նախագծի պրոդյուսերը «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն է, ռեժիսորը՝ Սալոմե Կինցուրաշվիլին։
Ֆիլմի առանցքում հինգ տարբեր ճակատագրեր են՝ դաշնակահարից մինչև անասնապահ, որոնց միավորում է ներքին ուժն ու աշխատանքի հանդեպ նվիրվածությունը։

Կարապետյանը, ներկայացնելով ֆիլմը, նշել է, որ նախագիծն ունի անձնական նշանակություն. այն ընտանիքի «անտեսանելի հենարանի» և սերնդեսերունդ փոխանցվող ժառանգականության մասին է։

Ըստ Կարապետյանի՝ հայկական մշակույթում կինն այն հիմնարար առանցքն է, որի վրա հենված են ընտանիքը, հասարակությունն ու պետությունը։
Կինցուրաշվիլին, իր հերթին, նկատում է, որ չնայած հերոսուհիների տարբերությանը, նրանց միավորող «լույսն» ու արժանապատվությունն այն ուղենիշներն են, որոնցով պետք է առաջնորդվել։

Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կկայանա ապրիլի 11-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։
