Կառավարության այսօրվա նիստում ՇՄՆ նախարար Համբարձում Մաթևոսյանը չկարողացավ զեկուցել նախագիծը որում ասվում էր, որ նախկինում ընդունված որոշմամբ հավանություն էր տրվել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը, և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը, որը կազմակերպությանն է տրամադրվել առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով՝ 50 տարի ժամկետով, հանրային, մշակութային և սպորտային հանգստի գոտի կազմակերպելու նպատակով։ Գործող որոշմամբ նաև նախատեսվել է, որ ՊՈԱԿ-ի և Կազմակերպության միջև պետք է կնքվի համապատասխան պայմանագիր։
«Ներդրումային ծրագրով նախատեսվում է Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծում, որը ծառայելու է ոչ միայն Համահայկական ամառային և ձմեռային խաղերի անցկացման ժամանակ որպես մարզիկների կեցության վայր, այլ նաև խաղերից դուրս օգտագործվելու է երիտասարդական տարբեր հավաքների, սփյուռքահայ ուսանողների կեցության, Հայաստան – Սփյուռք բազմաբովանդակ ծրագրերի, ինչպես նաև հանգստի և ժամանցի կազմակերպման նպատակներով։ Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 20.9 մլրդ ՀՀ դրամ, որն իրականացվելու է 3 փուլով, իսկ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 6000 անձ ընդունելու հնարավորություններով ժամանակակից մարզական ավան և շուրջ 1240 նոր աշխատատեղ։ Նախատեսվում է նաև շուրջ 20,000 ծառի տնկում, իսկ կառուցապատման սկզբնական փուլերում օգտագործվելու են կոնստրուկցիոն լուծումներ՝ էկո տնակներ, ճաշարան, բժշկական սպասարկման կենտրոն, ինչպես նաև իրականացվելու են ենթակառուցվածքների բարեկարկգման աշխատաքներ«-ասվում է նյութում։
Համբարձում Մաթևոսյանը հազաց, ջուր խմեց, իսկ այդ ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աաց, որ ինքն էլ է մասնակցել որոշման նախապատրաստմանը և զեկուցեց այն։
Նիստից հետո պարզաբանում տարածվեց ՇՄՆ մամուլի վարչությունից, որում ասվում է.
«Հարգելի գործընկերներ,
Ի պատասխան ձեր հարցումների՝ հայտնում եմ, որ նախարար Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է։ Կառավարության նիստից հետո նա անցել է համապատասխան բուժզննում։
Շնորհակալություն ձեր ցուցաբերած ուշադրության համար»։