Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանը մեր լրատվադաշտի գլխավոր անունն ու բախտորոշ իրադարձությունների զարգացման վայրն է։ Քարտեզով հարևան, պատմությամբ դաշնակից Իրանը մեր հաղորդման շրջանակում ևս ամենահաճախ հանդիպող երկիրն է․ դե էլ ումից պիտի խոսես երկար ու շատ, եթե ոչ ներքևի հարևաններից։
Իրանում ծնված, իսկ հետագայում Իրանում Հայաստանի շահերը ներկայացրած Գրիգոր Առաքելյանն ամենալավը գիտի այդ հարևանի հետ դրկից լինելու լեզուն ու կանոնները։ Սովորույթի համաձայն՝ մի հուշում անեմ՝ ժամանակները նոր չէ, որ սկսել են խառնակ լինել։
***
-Մեր երազանքն էր Սովետական Հայաստան վերադառնալ, մտածում էի՝ Հայաստան վերադառնալուց հետո որևէ աշխատանքով օգտակար լինեմ հայրենիքիս՝ անկախ նրանից, թե ինչպիսի Հայաստան է՝ սովետական, թե՝ այլ կարգավիճակ ունեցող, բոլոր դեպքերում՝ հայրենիք էի համարում։
1948-ին Իրանի Թավրիզ քաղաքում ծնված Գրիգոր Առաքելյանի համար հայրենիք վերդառանալը առաքելություն էր ու ժամանակի հարց։ 22 տարեկանում հայրենդարձ լինելու ու կյանքը նորից սկսելու ճանապարհը նրան նախ Երևանի պետակական համալսարան տարավ կրթության ետևից՝ այնուհետև Աֆղանստան՝ թարգմանչի կարիերայի ետևից։
-Բավականին հետաքրքիր շրջան էր ինձ համար, քանի որ կայացման տարիներ էին։ Ես եղա Աֆղանստանում ՝ ռուսերենի նվազագույն իմացությամբ, գործուղվել էի թարգմանչի գործառույթներ իրականացնելու համար, սակայն իմ ռուսերենը շատ թույլ էր, և այդ ընթացքում ես բավականին մեծ ջանք գործադրեցի, որպեսզի կարողանամ տիրապետել նաև ռուսերենին, դե պարսկերենին արդեն տիրապետում էի։
Ժամանակները հետաքրքիր էին ոչ միայն Գրիգոր Առաքելյանի կյանքում, այլ նաև Աֆղանստանի քաղաքական առօրեայում։
-Երբ որ ես գործուղվեցի Աֆղանստան, դեմոկրատական կոչված Աֆղանստան էր, որից հետո արդեն Խորհրդային Միության միջամտությամբ տեղի ունեցավ հեղաշրջում, որն Աֆղանստանում անվանում են հեղափոխություն՝ ապրիլյան հեղափոխություն։ Բավականին բուռն տարիներ էին, և ես շատ հուշեր ունեմ այդ շրջանի հետ կապված։ Բայց ես փորձում էի իմ ժամանակը լցնել հետաքրքիր աշխատանքով, մտադիր էի ուսումնասիրել Աֆղանստանի երբեմնի հայկական գաղութի պատմությունը, որի մասին դեռ ոչ մի տեղ ոչ ոք չէր գրել, ցավոք, ես էլ չկարողացա ոչինչ անել, քանի որ հետքերը շատ քիչ էին, և ես պատառիկներ եմ կարողացել ի հայտ բերել և մի քանի հոդվածով բավարարվել եմ։
Աֆղանստանի մասին ցնցող տեսարան դարձած վեջին իրադարձությունը թերևս ամերիկյան ինքնաթիռից կառչած աֆղանցիներինն էին, որոնք օր առաջ շտապում էին լքել Քաբուլը։ Տեսարանն այնքան անիրական է թվում, որ մեզնից հետո եկածները գուցե դա արհեստական բանականության հնարանք համարեն, մինչդեռ մենք դա տեսել ենք, մենք դա գիտենք։ Գրիգոր Առաքելյանի ժամանակների Աֆղանստանը ևս պակաս ցնցող չէր։
—Իմ օրոք ավելի հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել։ Իհարկե, ցնցող է, երբ ինքնաթիռի հետևից վազում են այդքան աֆղանցիներ և միգուցե կարողանան փրկվել։ Ընդհանրապես, Աֆղանստանում էնպիսի հետաքրքիր դրվագների եմ ես ականատես եղել, որ պարզապես ցնցող կարելի է համարել։ Օրինակ՝ այսպես կոչված սոցիալիստական հեղափոխությունից հետո սկսեցին գյուղացիներին հողատարածքներ բաժանել։ Գյուղացիները հրաժարում էին այդ կալվածաքներից ու պատռում էին թղթերն ուղիղ եթերում, ասում, որ «ես չեմ կարող այդ հողատարածքի տերը լինել, այդ հողատարածքի տերը Աստվածն է, իսկ ես իր ծառան, որը պետք է այս հողի վրա աշխատի, այնպես որ Դուք մի փորձեք ինձ համոզել, որ ես այս հողատարածքի տերն եմ»։ Այդպիսի հողային ռեֆորմները ձախողվեցին Աֆղանստանում զուտ ֆանատիզմի պատճառով։
***
Աֆղանստանում 4 տարի կատարած թարգամանչի աշխատանքի բերումով Գրիգոր Առաքելյանը նաև շփումներ ուներ Խորհրդային Միության դեսպանատան առևտրատնտեսական բլոկի հետ։ Հենց այստեղից էլ ձևավորվեցին Գրիգոր Առաքելյանի պատերկացումները դիվանագիտական վարքի ու կյանքի մասին։
Այդ պատճառով ՀՀ ԱԳՆ-ի տարբեր բաժիններում աշխատելուց հետո Իրանում Հայաստանի դեսպան դառնալու առաջարկը անսպասելի, բայց հաղթահարելի առաքելություն էր։

—Դե գիտե՞ք ինչ, յուրաքանչյուր զինվոր, ի վերջո, ձգտում է գեներալ դառնալ՝ դա փաստ է, այսինքն, բոլորն էլ ցանկություն ունեն, որ դիվանագետի բարձրագույն աստիճան ստանան՝ դա շատ օրինաչափ է։ Ընտրություն պետք է կատարվեր, ընտրությունը կանգ առավ ինձ վրա։ Իհարկե, անակնկալ էր այդ պահը, երբ ինձ առաջարկեցին դեսպան դառնալ, բայց և այնպես ես ուրախացա, որ նման որոշում է կայացվել և սիրով ընդունեցի։
2009-2015 թվականերին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը սեփական փորձով է համոզվել՝ Իրանում միշտ էլ անհանգիստ է։
— Այդ ժամանակաշրջանը բացառություն չէր․ Իրանում տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, և նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ բազմությունը փողոց էր դուրս եկել և պահանջում էին վերանայել արդյունքները։ Այդ ժամանակաշրջանում եմ ես նշանակվել, և երբ մեկնեցի որպես դեսպան իմ առաքելությունն իրականացնելու, ամբողջ Թեհրանը այդպես խառնակ իրավիճակում էր, ու միևնույն ժամանակ ցավալի մի դեպք էլ տեղի ունեցավ՝ Թեհրան-Երևան ինքնաթիռը չկարողացավ վայրէջք կատարել և կործանվեց, որի հետևանքով բավականին մեծ թվով զոհեր եղան։
Իրանում ծնված լինելու գործոնը Գրիգոր Առաքելյանին օգնում էր ոչ միայն լեզվական, այլ նաև մշակութային սահմանների հաղթահարման հարցում։ Ի վերջո հայ-իրանական դիվանագիտական հարբերությունները վերածվեցին մեկը մյուսին շարունակելու արվեստին։
—Դեպքերից մեկը ես կարող եմ ասել, երբ ես Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ էի զրուցում, նա մի պարսիկ բանաստեղծի բանաստեղծության առաջին տողն արտասանեց ինձ ցույց տալու համար, որ պետք է բարեկամությունը երկկողմանի լինի, ես էլ շարունակեցի ամբողջ բանաստեղծությունը։ Ինքը զարմացավ, և ես զգացի, որ ավելի զգուշավոր դարձավ իմ նկատմամբ և ավելի պարտավորված էր զգում իմ խնդրանքներն ու առաջարկությունները ժամանակին կատարելու հարցում։

Իրանը մեր տարածաշրջանի ամենաազդեցիկ պետություններից է, որի պատմական ու ավանդական ներուժը հնարավոր չէ թերագնահատել։ Ուստի իմ հյուրը նաև այն առիթն է, որ ես բաց չեմ թողնում մի ավանդական հարց տալու նպատակով՝ ի՞նչ պետք է մենք՝ հայերս, սովորենք Իրանից։
—Անկախ ամեն ինչից փորձի փոխանակումը միշտ էլ օգտակար է, կապ չունի, թե որ երկրի հետ ես փորձի փոխանակում կատարում։ Առավել ևս Իրանի հետ փորձի փոխանակումը մեզ համար շատ օգտակար կարող է լինել, քանի որ Իրանը բազմադարյա պետություն է՝ իր հնադարյան պատմությամբ։ Մի հետաքրքիր փաստ ասեմ՝ Իրանը երբեք չի ունեցել անկախության տարեդարձ, չի նշել դա, քանի որ միշտ անկախ է եղել։ Պետականության նկատմամբ վերաբերմունքի իմաստով նորանկախ պետությունները շատ բան ունեն Իրանից սովորելու։ ։
Թե ինչով կավարտվի տարածաշրջանում վերջերս պայթած նոր պատերազմը՝ Գրիգոր Առաքելյանն իր ենթադրություններն ունի։
—Ես անպայման հետաքրքրվում եմ Իրանի անցուդարձերով, ցավով եմ նայում, թե ինչպիսի ավերածություններ են տեղի ունենում։ Շատ վերլուծություններ, իհարկե, կատարում եմ նաև գրավոր տեսքով, շատ կարճ կարող եմ մի բան ասել՝ պատերազմը հաղթող կամ պարտվող կողմ չունի, այս պատերազմը կունենա միայն նահանջող կողմ, իսկ նահանջող կողմը հարձակվողներն են, որնք ագրեսիայի են դիմել, նրանք անպայման կնահանջեն վերջ ի վերջո, իսկ նահանջը արդեն պարտություն է։
***
Դիվանագետների ընտանքում ծնված երեխաների մասնագիտական ընտրության հնարավորությունները հաճախ շատ ու մեծ չեն լինում։ Ընտանիքի հետ ստիպված ճամփորդելն ու աշխարհը փոքր տարիքից բացահայտելը սովորաբար երկու արդյունք է ունենում՝ կամ շարունակել այդ գործը, կամ այլևս երբեք դրան չանդրադառնալ։
— Զավակս արդեն իսկ զբաղվում է։ Դա ժառանգական մասնագիտություն կարելի է համարել շատ դեպքերում, քանի որ, գիտե՞ք ինչ, երբ դիվանագետը կամ դեսպանը անընդհատ գործուղումների մեջ է, ընտանիքն էլ ստիպված պետք է ուղեկցի իր ծնողին և մասնակից դառնա շատ աշխատանքների, որոնք իր ծնողն է կատարում, երեխաներն էլ պետք է ակամայից շփվեն և ինտեգրվեն, ընտելանան նման աշխատանքի։
Կարիերայի այս փուլում Գրիգոր Առաքելյանն այլևս պատմության հետ գործ չունի։ Կուտակած աշխատանքային փորձը՝ Դիվանգիտական հիմուքներ առարկայի տեսքով դասվանդում է այն երիտասարդներին, որոնք ուզում են գործ ունենալ պատմության հետ։
— Իմ դասախոսության ընթացքում բոլոր տեսակի կուտակած փորձը, գումարած գրականությունը, որը ես կարողանում եմ վերլուծել և ներկայացնել երիտասարդ սերնդին, կրկնեմ իմ ասածը՝ առաջին հերթին դիվանագետը պետք է հայրենասեր լինի և մտածի, թե ինչով կարող է օգտակար լինել իր հայրենիքին, ինչպես կարող է իր հայրենիքը արտերկրում այնպես ներկայացնել, որ ինքը պատվով ավարտի իր աշխատանքը և բավարարված զգա իր կատարած աշխատանքով։