ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ ամերիկյան զինված ուժերը կպահպանեն իրենց ներկայությունը Իրանի սահմանների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ ապրիլի 8-ին հաստատված համաձայնագրի բոլոր կետերը լիարժեքորեն չեն կատարվել։
ԱՄՆ առաջնորդի ներկայացմամբ՝ խոսքը վերաբերում է ռազմական նավերին, ավիացիային և անձնակազմին։
«Բոլոր նավերը, օդային միջոցները և անձնակազմը՝ հավելյալ զինամթերքով և ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է թուլացած հակառակորդին հետապնդելու և ոչնչացնելու համար, կմնան իրենց տեղերում, քանի դեռ ձեռք բերված համաձայնությունը լիարժեքորեն չի պահպանվում», – նշել է Թրամփը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության են եկել, որ Իրանը չի ունենա միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը կլինի բաց և անվտանգ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն իրենց հերթին հանդես են եկել հատուկ հայտարարությամբ՝ պահանջելով, որ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր նավերը հետևեն այլընտրանքային երթուղիներին։
ԻՀՊԿ-ի հրահանգի համաձայն՝ Պարսից ծոցում տիրող ռազմական իրադրության և ականների հնարավոր առկայության պատճառով նավերը պետք է շարժվեն Լարակ կղզու ջրային տարածքով անցնող երկու այլընտրանքային ուղիներով։ Իրանական կողմը նշում է, որ այս որոշումն ընդունվել է նավագնացության անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերից խուսափելու նպատակով։
Թրամփն ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ հրադադարի համաձայնություն ձեռք բերելու մասին։ Թրամփի խոսքով՝ համաձայնել է երկու շաբաթով կասեցնել Իրանի ռմբակոծություններն ու հարձակումները պայմանով, որ Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների համար ապահովվի ազատ տեղաշարժ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել էր, որ Թեհրանը կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Իրանի դեմ հարձակումները նույնպես դադարեն։
