«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտնել են ABC հեռուստաալիքով հեռարձակվելիք վերջին երկու արարողությունների պաշտոնական օրերը, ներառյալ պատմական՝ 100-րդ մրցանակաբաշխությունը:
Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան և ABC հեռուստաընկերությունը հայտարարեցին, որ 99-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա 2027 թվականի մարտի 14-ին, իսկ 100-րդը՝ 2028 թվականի մարտի 5-ին:
Այս երկու միջոցառումները կլինեն վերջինը, որոնք կհեռարձակվեն ավանդական հեռուստատեսությամբ՝ նախքան 2029 թվականին շոուի տեղափոխումը YouTube: Բացի այդ, դրանք կլինեն վերջին արարողությունները, որոնք կանցկացվեն Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում: Կինոակադեմիան վերջերս հայտարարեց նաև, որ հետագայում շոուն կունենա նոր հասցե՝ Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Peacock Theater-ը, որի համար արդեն իսկ 10-ամյա պայմանագիր է ստորագրվել AEG ընկերության հետ:
Հիշեցնենք, որ 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում դիտումների ցուցանիշը նվազել էր 9%-ով՝ մի քանի տարվա կայուն աճից հետո։
