Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում մեծ շուքով նշվեց Ապրիլի 7-ը՝ ամենագեղեցիկ և լուսավոր տոներից մեկը՝ Մայրության և գեղեցկության օրը։ Միջոցառումը նախաձեռնել են քոլեջի ուսանողները՝ հայոց լեզվի և գրականության դասախոս Արև Խաչատրյանի ղեկավարությամբ։

Միջոցառումը սկսվեց ուսանողների և իրենց մայրիկների համատեղ լուսանկարների հուզիչ հոլովակով:

Ուսանողները իրենց ելույթներում անդրադարձան մոր անփոխարինելի դերին հայ մշակույթում՝ ընդգծելով նրա կարևորությունը թե՛ ընտանիքում, թե՛ ազգային արժեքների փոխանցման գործում։

Իր տպավորիչ ելույթով հուզեց 1-ին կուրսի ուսանող Առնո Վարդանյանը՝ գովաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը:

Յուրօրինակ և անզուգական էր ուսանողուհիներից մեկի հարվածային գործիքով ելույթը:

Ուսանողներն իրենց շնորհավորական և շնորհակալական խոսքերն ասացին՝ ուղղված օրվա հերոսներին:

Նրանց խոսքով` այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու դասախոսական անձնակազմի կանանց և իրենց մայրերին՝ նրանց անսահման սիրո, ջերմության և նվիրվածության համար, որոնց շնորհիվ ձևավորվում է ապագա սերունդը։

Leave a Comment