Քաղաքական մուրացկանություն․ Փաշինյանը կախվել է փրփուրներից․ «Կարճ ասած»

 

Մի կողմից Հայաստանի իշխանությունն անում է ամեն ինչ (ամեն անգամ շատ անհարմարություն, ամոթ եմ զգում էդ տեսակին ու որակին իշխանություն ասելով, բայց դե ի՞նչ արած, մեր երկրում այսօր այդ որակն է), և ուրեմն՝ սրանք անում են ուժերի առավելագույնը՝ ընտրություններում ընդդիմության համար հնարավորինս շատ խնդիրներ ստեղծելու համար։ Դա  անում են հակասահմանադրական եղանակով, օրենք-օրինականության վրա թքելով։ Մյուս կողմից՝ անհույս ջանքեր են գործադրում ձայն փախցնելու համար։ Այցելում են դպրոց-մանկապարտեզներ, խանութ-շուկաներ, մարդկանց տներն են ներխուժում, զոռով բաժանում իրենց փոքրացրած քարտեզը․ եթե ինչ-որ բան են կառուցել, ամիսներով ձգձգում են, որ բացումը նախընտրական շոուով լինի․ մարդկանց ճնշում են, ստիպում են, սպառնում են ու պետբյուջեի միջոցներով ժամանակավոր լավություն են անում, որը միանշանակ կարող է դիտվել ընտրակաշառք։

Կարծում եմ՝ անիմաստ է այդ ամենը։ Հայաստանում ընտրողների այն մասը, որը պատրաստվում է գնալ քվեարկության, արդեն կողմնորոշվել է վաղուց։ Նիկոլի հույսն այն է, որ հիասթափվածները, անտարբերները չգնան ընտրության, նստեն տանը, որովհետև այդ բանակը, որը շատ մեծ է, հաստատ իրենը չէ. եթե գնա ընտրության՝ ընդդիմադիրների մեջ է կատարելու ընտրությունը։ Այնպես որ, Նիկոլի շոուները ընդամենը իր ունեցած քվեները պահելու և ընդդիմադիրներին էլ վնասելու համար են։ Բայց դա էլ չի կարողանում։ Քա՞նի նիկոլական կար, որ եկեղեցու նկատմամբ գրոհից հետո հիասթափվեց նրանից։ Քա՞նի նիկոլական կար, որ ընդամենը վերջին Մոսկովյան այցից հետո վտանգ է տեսնում ու Նիկոլին ընտրելու հարցում զադնի է դրել կամ դնելու է։ Անձամբ գիտեմ ընտանիքների, որ սարսափի մեջ են․ վաղը կեռասի մթերման և արտահանման սեզոն է, հետո՝ ծիրանի, հետո՝ դեղձի և այսպես շարունակ․ ի՞նչ են անելու, թափելո՞ւ են միրգ-բանջարեղենը։ Արտագնա աշխատանքի մեկնելու սեզոն է, ի՞նչ է սպասում նրանց։ Կրկնում եմ, չեմ պատկերացնում, որ Նիկոլը ձայները ավելացնի, ունի աջակիցներ և ունի ոչ շատ վարչական ռեսուրս, որոնք միասին այնքան չեն՝ իշխանությունը պահելու համար։

Ու հիմա հուսահատ ջանքեր է անում զանազան եղանակներով իրավիճակը փրկելու համար․ լսում ենք, որ մարդկանց տների վրա տասնյակ ընտրողների են եսիմորտեղից բերում-գրանցում, մեկ օրենք են փոխում, որպեսզի Սամվել Կարապետյանի անունը դուրս մնա դաշինքի անվանումից, չգրեն պլակատի վրա, մեկ որոշում են կայացնում դիտորդների դեմ։ Մեկ Նիկոլի հետախույզը հայտարարում է, թե Ռուսաստանից ճնշումներ կան։ Այ էսպիսի բաներ։

Բայց նաև 8 տարի հասարակությանը հարստահարելուց, թալանելուց, պառակտելուց, ջարդելուց հետո ժամանակավոր ջերմություն են փորձում հաղորդել։ Անում են քայլեր, որոնք միանշանակ դիտվում են ընտրակաշառքի տիրույթում։ 10 հազար դրամով թոշակի բարձրացումը արդյո՞ք ընտրակաշառք չէ, կհարչցնեք, այն էլ՝ տարեցների վրա մունաթ գալուց, նվաստացնելուց, ծաղրելուց, 8 տարի սոված պահելուց հետո։ Նախ ժամանակավոր է, կարծում եմ, բայց արդյո՞ք թոշակառուի համար սա հիմք է Փաշինյանին ընտրելու։ Միանշանակ՝ ոչ, որովհետև հենց թոշակառուն ահազանգում է, որ սարսափելի գնաճ է, թոշակից շատ, էդ 10 հազար դրամը մեկ գնաճով խժռվեց։

Զինծառայության ժամկետի կրճատումը ընտրակաշառք կարո՞ղ է դիտվել։ Միանշանակ։ Բայց արդյո՞ք զինվորի հարազատի համար սա պատճառ է իշխանությանը վստահելու․ միանշանակ ոչ․ որովհետև սա, ամենայն հավանականությամբ, խիստ ժամանակավոր որոշում է, եթե սրանք մնանբացի այդ՝ զինծառայության ժամկետը երկար է, թե կարճ՝ մեկ է՝ բանակում բարդակ է, ներսում անվտանգ չէ, սահմանները փոքրանում են, թշնամին դիրքերը առաջ է տալիս, ու խաղաղության փոխարեն հրադադար է։ Ծնողներն այսօր անորոշության մեջ են ու հանգիստ են այնքան, որքան հանգիստ են լինում ժամանակավոր հրադադարում։

Անհուսալի վարկեր ունեցողների վերաբերյալ որոշումը կարո՞ղ է դիտվել ընտրակաշառք․ իհարկե՝ այո․ բայց դա, միևնույն է, այդ ընտանիքների մոտ բան չի փոխում, որովհետև այդ մարդը մեկ է՝ չունի և չի ունենում գումար, նրա սոցիալականում բան չի փոխվում։  Մի քանի տարի է՝ էլեկտրամոբիլների վարորդները բողոքում են, որ գույքահարկը հաշվվում է շատ անարդար։ Ու հիմա, ընտրությունների նախաշեմին որոշեցին ցածրացնել։ Ու չեն ասում՝ սա մշտակա՞ն լուծում է, թե մեկ տարվա, ընտրություններից հետո կվերանայվի, եթե սրանք վերընտրվեն։

Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը խոստանում են բարձրացնել մի քիչ․ խնամքի հաստատությունների աշխատողների վարձատրությունը ևս։ Նախընտրակա՞ն է․ միանշանակ։ Ժամանակավո՞ր է․ շատ հնարավոր է, որ այո։ Թաղապետարաններից այցելում են բակեր ու հարցնում՝ ինչ պրոբլեմ ունեք, հո կռիշը չի կաթում, բակում ինչ ունենք անելու։ Մինչ այս՝ չկային, տարին մի քանի խնդիր լուծեին՝ այդքան չէր կուտակվի։

Կամ տեղեկանում ենք, որ մարզպետներն ու քաղաքապետերը սկսել են ցուցակագրել ու դրամական օգնություն տալ մարզի անապահովներին։ Իսկ կառավարությունն էլ 4,6 մլրդ դրամի հերթական պարգևավճարն է բաժանում շատ ապահովներին։ Նախընտարակն կաշա՞ռք դիտենք։ Իսկ ուրիշ ի՞նչ է, եթե ոչ կաշառք։ Իսկ ի՞նչ անուն կտաք նրան, որ հանկարծ խոստացան այլևս հարկային տեռոր չանել։ Քանի՞ գործարար այս ընթացքում սնանկացավ, նեղություններ կրեց անհիմն ու աստղաբաշխական տուգանքների պատճառով։ Իսկ կա՞ երաշխիք, որ ընտրություններից հետո, եթե սրանք մնան, չեն շարունակելու քերթել հարկատուի կաշին։

Ժողովուրդ ջան, մինչև ընտրություններ իշխանությունից դեռ այնքան ընտրակաշառքի դրսրևորումներ կտեսնեք, բյուջեի հաշվին։ Իսկ ի՞նչ պետք է անի ժողովուրդը․ իհարկե՝ պետք է օգտվի այս ընտրակաշառքից՝ «շնից մազ պոկելուզ» սկզբունքով և մերժի նույն այս իշխանությանը, որը 8 տարի իրենց թալանել են, հարստահարել են, զավակներին զոհել են, հողերը հանձնել են, խոստումներն էլ թողել են անկատար ու հիմա եկել են իրենց դուռը՝ քվե մուրալու։

Կարճ ասած՝ այն, ինչ հիմա անում է իշխանությունը, պետություն կառավարել չէ: Սա դասական ընտրակաշառք է և քաղաքական մուրացկանություն: Երբ ութ տարի շարունակ կեղեքում ես ժողովրդին, քանդում ես բանակդ, հանձնում ես հայրենիքդ ու միայն քո ազգուտակին ես պարգևատրում միլիոններով, ոչ մի մանկապարտեզի վերանորոգում կամ նախընտրական ողորմություն այլևս չի կարող գնել մարդկանց վստահությունը: Այսօր նրանք ձեր տները գալիս են խոնարհ դեմքերով ու փոքրիկ խոստումներով, որովհետև նրանց վարկանիշը փրփուրներից է կախված: Բայց իմացած լինեն, որ ոչ մի շոու նրանց այլևս չի փրկի:  

 

Սևակ Հակոբյան

Leave a Comment