8 ապրիլի 2026 – 17:53 AMT
PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կառավարությունը մշակել է լուծումներ տաքսու վարորդների կենսաթոշակի հարցի կարգավորման համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վերջին մի քանի ամիսներին տաքսու վարորդների հետ հանդիպումների ժամանակ մենք արդեն իսկ նրանց հայտնել ենք, որ նրանց կենսաթոշակի հարցը լուծելու ենք հետևյալ կերպ.
– Մինչև 1974թ. ծնվածների համար ստաժ հաշվարկել այն բոլոր ամիսները, որոնց ընթացքում նրանց վճարած տուրքը կգերազանցի նվազագույն աշխատավարձից վճարվող եկամտային հարկը:
– 1974թ. հետո ծնվածներին հնարավորություն տալ կամավոր միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, որին կմասնակցի նաև պետությունը:
Օրենսդրական նախաձեռնությունները հենց հիմա գտնվում են մշակման մեջ»,- գրել է նախարարը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդները 2027-ի հունվարի 1-ից ընդգրկվելու են առողջության ապահովագրության համակարգում։ Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: