Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո

Աշխարհում էներգակիրների գները կտրուկ անկում են գրանցել ԱՄՆ նախագահի՝ Իրանի հետ հրադադարի մասին հայտարարությունից հետո։ Ինչպես վկայում են բորսայական սակարկությունների տվյալները, Brent և WTI մակնիշի նավթի գները նվազել են ավելի քան 15-17%-ով։

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 15%-ով՝ 2026 թվականի մարտի 11-ից ի վեր առաջին անգամ իջնելով բարելի դիմաց 92 դոլար։ Միևնույն ժամանակ, ամերիկյան WTI տեսակի նավթի գինը նվազել է ավելի քան 17%-ով։

Սպիտակ տան ղեկավարն ապրիլի 8-ին հայտարարել էր վերջին պահին ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը հաջորդել էր նրա իսկ սպառնալիքին, թե «այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի»։

Թրամփի խոսքով՝ ինքը համաձայնել է երկու շաբաթով կասեցնել Իրանի ռմբակոծություններն ու հարձակումները այն պայմանով, որ Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների համար ապահովվի ազատ տեղաշարժ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է, որ նեղուցը կբացվի հինգշաբթի կամ ուրբաթ, եթե «բանակցությունների շրջանակի շուրջ համաձայնության հասնեն»: Ընդ որում, նեղուցով անցումը կլինի սահմանափակ և Իրանի զինուժի հետ համակարգված:

Leave a Comment