ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ Հայաստանին կվերադարձվի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսի առանձնատան վաճառքից ստացված միջոցների հիմնական մասը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հարցը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հանդիպման ժամանակ։
ԱՄՆ դատարանը 2024 թվականի հուլիսի 8-ին որոշում էր կայացրել բռնագանձել և վաճառել Խաչատրյանի ընտանիքին պատկանող առանձնատունը։ Դրանից առաջ՝ նույն տարվա ապրիլին, Հայաստանի գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք և շուրջ 84 միլիոն դոլար։
Խաչատրյանը զբաղեցրել է Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը 2014-ից 2016 թվականներին։ Մինչ այդ նա երկար տարիներ ղեկավարել է Պետական եկամուտների կոմիտեն։
