«Պռոշյանի կոնյակի գործարան»․ Հայկական գործարանը շփոթել են ՌԴ-ում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ

«Պռոշյանի կոնյակի գործարան»․ Հայկական գործարանը շփոթել են ՌԴ-ում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ

8 ապրիլի 2026 – 17:06 AMT

PanARMENIAN.Net«Պռոշյանի կոնյակի գործարանը» հայտարարել է, որ Ռուսաստանի շուկա արտահանման հետ կապված որևէ խնդիր այս պահին չունի, իսկ տարածված տեղեկությունները պայմանավորված են սխալ նույնականացմամբ։Այդ մասին հայտնել են գործարանից` անդրադառնալով «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլի» հրապարակած հաղորդագրությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը հայտնել էր, որ իրականացրել է չնախատեսված ստուգում «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի նկատմամբ և արձանագրել խախտումներ, ինչի հիմքով դիմել է դատարան՝ ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և դրա գործողությունը կասեցնելու պահանջով։

«Մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում՝ հայկական արտադրող գործարանը շփոթելով Ռուսաստանի Դաշնությունում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ, որը հանդիսանում է տվյալ շուկայում գործող ներմուծող ընկերություններից մեկը։ Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը և որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացների հետ»,– հայտնել են «Պռոշյանի կոնյակի գործարանից»։

Գործարանում նշել են, որ իրենց գործունեությունը շարունակվում է բնականոն, արտադրական գործընթացները չեն ընդհատվել, և արտադրանքը շարունակաբար արտահանվում է միջազգային շուկաներ, ներառյալ ԵԱՏՄ երկրներ։

Նշվել է նաև, որ ընկերությունը պարբերաբար անցնում է միջազգային աուդիտներ և ունի որակի կառավարման և սննդամթերքի անվտանգության համապատասխան սերտիֆիկատներ, այդ թվում՝ ISO և HACCP ստանդարտներին համապատասխան։

Leave a Comment