Reuters-ը հրապարակել է Մերձավոր Արևելքում պատերազմի զոհերի թիվը – armeniatoday.am

Reuters գործակալությունը, ամփոփելով ապրիլի 8-ի դրությամբ ստացված տվյալները, ներկայացրել է Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով զոհվածների թիվն՝ ըստ երկրների։

Ըստ հրապարակված տվյալների՝ առավել մեծաթիվ զոհեր գրանցվել են Իրանում։ ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան խմբի տվյալներով՝ զոհվել է 3636 մարդ։ Միևնույն ժամանակ, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան հայտնում է առնվազն 1900 զոհի մասին։

Լիբանանի իշխանությունների հաղորդմամբ՝ իսրայելական հարվածների հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհվել է 1530 մարդ, որոնցից առնվազն 129-ը երեխաներ են։ Զոհերի թվում են նաև ՄԱԿ-ի երեք ինդոնեզացի խաղաղապահ։

Իրաքում ճգնաժամի սկզբից ի վեր երկրի առողջապահական մարմինները գրանցել են առնվազն 117 մահվան դեպք։

Իսրայելական կողմը հայտնել է 34 զոհի մասին (23 քաղաքացիական անձ՝ հրթիռակոծություններից և 11 զինվոր՝ Լիբանանի հարավում ընթացող մարտերում)։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հակամարտության ընթացքում զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, ավելի քան 300-ը վիրավորվել է։

Արաբական Միացյալ Էմիրություններում զոհվել է 13 մարդ, իսկ Քուվեյթում և Կատարում՝ 7 մարդ (Կատարի դեպքում պատճառը տեխնիկական անսարքությամբ պայմանավորված ուղղաթիռի վթարն է)։

Սիրիայում զոհվել է 4, Պաղեստինի Արևմտյան ափին՝ նույնպես 4 մարդ։ Բահրեյնում, Օմանում և Սաուդյան Արաբիայում զոհերի ընդհանուր թիվը 6-ն է, յուրաքանչյուրուրում 2 զոհ կա։ Բացի այդ, Հյուսիսային Իրաքում անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է ֆրանսիացի մեկ զինծառայող։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ հրադադարի համաձայնություն ձեռք բերելու մասին, մինչևդեռ ապրիլի 7-ին սպառնացել էր «քաղաքակրթության կկործանմամբ»։

Թրամփի խոսքով՝ ինքը համաձայնել է երկու շաբաթով կասեցնել Իրանի ռմբակոծություններն ու հարձակումներն այն պայմանով, որ Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների համար ապահովվի ազատ տեղաշարժ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է, որ Թեհրանը կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Իրանի դեմ հարձակումները նույնպես դադարեն։

Leave a Comment