8 ապրիլի 2026 – 16:49 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ հանձնաժողովում ներկայացվել է համաձայնագրի լրացում, որը նպատակ ունի բարձրացնել տվյալների փոխանակման արդյունավետությունն ու ճշգրտությունը։
Հայաստանը 2023 թվականին ստորագրել և վավերացրել է միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրմանը վերաբերող համաձայնագիրը, որով նախատեսվում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության միջազգային փոխանակում։ Այն հանդիսացել է հարկային թափանցիկության կարևոր գործիք՝ հնարավորություն տալով տարբեր երկրների միջև տվյալների փոխանակում իրականացնել, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Արդեն ընթացիկ տարում Հայաստանը ավելի քան 40 երկրի հետ իրականացրել է տեղեկատվության փոխանակում տվյալ համաձայնագրի շրջանակում։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցմամբ։
Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են համաձայնագրի որոշ դրույթների հստակեցմանը՝ մասնավորապես ինքնահայտարարագրման, նույնականացման կանոնների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հաշվետերերի նույնականացման գործընթացներին։
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։