Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել է, որ այսօր կեսօրին ջերմ և բովանդակալից հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրույցի առանցքում եղել է Իսլամաբադում կայանալիք խաղաղության բանակցությունների նախապատրաստական ընթացքը։
Շարիֆն իր խորին երախտագիտությունն է հայտնել Իրանի ղեկավարությանը՝ Պակիստանի հյուրընկալության առաջարկն ընդունելու և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված համատեղ ջանքերին միանալու համար։ Պակիստանի վարչապետը բարձր է գնահատել Թեհրանի ցուցաբերած ողջախոհությունը, ինչը հնարավորություն է տվել այս շաբաթվա վերջին կազմակերպել պատմական հանդիպումը։
Իր հերթին նախագահ Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի պաշտոնական մասնակցությունը սպասվող բանակցություններին և դրվատանքի խոսքեր հնչեցրել Իսլամաբադի գործադրած ջանքերի հասցեին։ Պակիստանի կառավարության ղեկավարը շեշտել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում գործընկերների հետ սերտ համագործակցությանը՝ տարածաշրջանում և դրանից դուրս կայունություն հաստատելու նպատակով։
