8 ապրիլի 2026 – 16:27 AMT
PanARMENIAN.Net – «Նժար» շարժումը կարող է միանալ ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի գաղափարին, եթե լինի անկախ թեկնածու, որը ռուսամետ չէ, ամենակարևորը՝ հայամետ է, ասել է շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը։
Նրա խոսքով՝ նման պայմաններում հնարավոր կլինի հանդես գալ միասնական ճակատով և հասնել հաղթանակի գործող վարչապետի նկատմամբ, հայտնում է Panorama.am-ը:
«Հաղթողը մենք չենք լինելու, հաղթողը լինելու է մեր ժողովուրդը, որովհետև համակարգային փոփոխությունները միակ մոտեցումն է, որը կարող է առաջընթաց ապահովել»,- ասել է Իկոնոմովը։
Իրավապաշտպան, շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը նշել է, որ ակտիվորեն պատրաստվում են ընտրություններին և զուգահեռաբար բանակցություններ են վարում նաև այս ուղղությամբ։
«Իմպիչմենտը կարող է լինել նաև ընտրություններից հետո։ Բայց շատ կարևոր է, որ լինի ընտրություններից առաջ, քանի որ ընտրությունների անցկացման պահին ունենալ անկախ մարդ, ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը և բոլոր լծակները կլինեն ձեռքում, բոլոր խաղացողները վստահ կլինեն, որ ընտրությունները չեն կեղծվի, կարևոր է»,- ասել է նա։
Կարապետյանցը նաև ընդգծել է, որ անկախ քաղաքական տարբեր դիրքորոշումներից՝ այս պահին առաջնահերթ է ապահովել առաջիկա ընտրությունների հնարավորինս արդար և թափանցիկ անցկացումը։
«Նժար» և «Բոլորին դեմ եմ» շարժումները միավորվել են ընտրություններից առաջ։ «Նժար» շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը մամուլի ասուլիսում ասել է, որ «Նժար» սահմանադրական շարժումն ու «Բոլորին դեմ եմ» շարժումը ունեն գրեթե համընկնող նպատակներ: