Կարապետյանց․ «Նժարն» ու «Բոլորին դեմ եմ» շարժումը ունեն գրեթե համընկնող նպատակներ

Կարապետյանց․ «Նժարն» ու «Բոլորին դեմ եմ» շարժումը ունեն գրեթե համընկնող նպատակներ

8 ապրիլի 2026 – 15:37 AMT

PanARMENIAN.Net – Արտախորհրդարանական դաշտում ձևավորվել է նոր համագործակցություն․ «Նժար» և «Բոլորին դեմ եմ» շարժումները միավորվել են ընտրություններից առաջ։

«Նժար» շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը մամուլի ասուլիսում ասել է, որ «Նժար» սահմանադրական շարժումն ու «Բոլորին դեմ եմ» շարժումը ունեն գրեթե համընկնող նպատակներ, հայտնում է «Փաստինֆոն»:

«Ե՛վ մենք, և՛ «Բոլորին դեմ եմ» նախագիծը ունեինք գրեթե համընկնող նպատակներ։ «Բոլորին դեմ եմ»-ը վերցրել էր ավելի փոքր մասշտաբ, և որևէ խնդիր չկար։ Պարզապես, միացող մարդկանց համաձայնությունը ստանալու գործընթացում մեծ տարաձայնություններ չառաջացան։ Իսկ «Նժարը», ինչպես խոստացել էր, հերթական կուսակցությունը չգրանցեց, որովհետև մեր նպատակը հերթական կուսակցություն ստեղծելը չէր։ Մեր նպատակը համախոհ, ազնիվ մղումներ ունեցող մարդկանց համախմբելն էր և այնպիսի միջավայր ձևավորելը, որտեղ գաղափարները կծառայեն Հայաստանի շահերին, այլ ոչ թե փոքր խմբերի։ Հետևաբար մեր միավորումը շատ տրամաբանական էր։ Մենք միշտ ասել ենք, որ քաղաքականության մեջ պետք է ձևավորվեն էլիտաներ, և միաժամանակ տեղի ունենա առողջ սերնդափոխություն»,- ասել է Նինա Կարապետյանցը։

Նրա խոսքով՝ այս համագործակցությունը կարող է ունենալ երկարաժամկետ բնույթ․ սկզբնական փուլում նրանք մասնակցելու են ընտրություններին որոշակի ձևաչափով, իսկ հետագայում հնարավոր է շարունակեն իրենց նախաձեռնությունները։

«Մեկ քայլանի գործիքակազմով այս իրավիճակում հնարավոր չէ կոտրել այն համակարգը, այն «մատրիցան», որը ձևավորվել է տարիների ու տասնամյակների ընթացքում։ Այդ «մատրիցան» թույլ չի տալիս, որ փոքր ուժերը, առանց մեծ ֆինանսական կարողությունների կամ իշխանական գործիքակազմի, կարողանան ներկայացված լինել։ Արդյունքում՝ բազմաթիվ մարդիկ մնում են չներկայացված և չեն կարողանում իրենց ներկայացուցիչն ունենալ խորհրդարանում։ Հետևաբար, այս պահին սա լավագույն տարբերակն էր։ Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել։ Մենք, բնականաբար, շարունակելու ենք այս գործընթացը, և զուգահեռաբար այլ գործողություններ ևս ենք իրականացնելու՝ փորձելով աշխատել այլ տրամաբանությամբ»,- ասել է նա։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment