Եվ ԱՄՆ-ն, և Իրանը հրադադարի մասին որոշումն իրենց հաղթանակն են համարում

Եվ ԱՄՆ-ն, և Իրանը հրադադարի մասին որոշումն իրենց հաղթանակն են համարում

8 ապրիլի 2026 – 15:17 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ-ն ու Իրանը ապրիլի 8-ի գիշերը երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնության են եկել. պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի ժամկետի ավարտից մեկ ժամից էլ քիչ առաջ, իսկ նա խոստացել էր «ոչնչացնել» Իսլամական Հանրապետությունը։

AFP գործակալությանը տված մեկնաբանությունում Թրամփը համաձայնությունը բնութագրել է որպես ԱՄՆ-ի «լիակատար և բացարձակ հաղթանակ»։ Թեհրանում, իրենց հերթին, հրադադարըմ ներկայացրել են որպես սեփական հաղթանակ և հայտնել են, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները սկսվելու են ապրիլի 10-ին Պակիստանում, հայտնում է Deutsche Welle-ն:

«Թշնամին կրել է անվիճելի, պատմական և ջախջախիչ պարտություն իր վախկոտ, անօրինական և հանցավոր պատերազմի մեջ՝ ընդդեմ իրանական ազգի», – ասված է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայտարարության մեջ։

Սպիտակ տանը հայտնել են, որ հրադադարին միացել է նաև Իսրայելը, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն ճշտել է, որ այն չի տարածվել Լիբանանի վրա, որտեղ լիբանանյան իշխանությունների տվյալներով՝ «Հեզբոլլահի» հրթիռակոծություններին ի պատասխան Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ երկու շաբաթվա ընթացքում կապահովվի նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, որով անցնում է համաշխարհային նավթային արտահանման հինգերորդ մասը։ Թեհրանը նեղուցը փակել էր ի պատասխան փետրվարի 28-ին սկսված պատերազմին։

«Եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, մեր հզոր զինված ուժերը կդադարեցնեն պաշտպանական գործողությունները», – հայտարարել է Արաղչին։

Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ համաձայն է դադարեցնել ռմբակոծությունները՝ Հորմուզի նեղուցի «լիակատար, անհապաղ և անվտանգ բացման» պայմանով։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն «օգնություն կցուցաբերի» նավագնացության վերականգնման գործում։

Հրադադարի ընթացքում Իրանը և Օմանը մտադիր են վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից, գրել է AP գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։ Ինչպես ճշտել է CNN հեռուստաալիքը, Իրանը մեկ տանկերի անցման համար պահանջում է մինչև 2 մլն դոլար, սակայն հայտնի չէ, թե նավատերերից որևէ մեկը վճարե՞լ է արդյոք այդ գանձումը։

Հրադադարի մասին հայտարարությունից հետո նավթի գներն ընկել են ավելի քան 17 տոկոսով, իսկ Ասիայի ֆոնդային շուկաներն ապրիլի 8-ի առևտրի սկզբում աճել են։ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցություններում «շատ առաջ է գնացել», իսկ Իրանը ներկայացրել է 10 կետից բաղկացած ծրագիր, որը Թրամփն անվանել է «աշխատանքային»։ Սակայն Թեհրանը հրապարակայնորեն ներկայացրել է իր պայմանները, որոնք ներառում են ամերիկյան պատժամիջոցների վերացում, ուրանի հարստացման սահմանափակումների հանում, տարածաշրջանից ԱՄՆ զորքերի դուրսբերում և Իրանին հասցված վնասի համար հատուցումների վճարում։

Վեճի գլխավոր կետը շարունակում է մնալ Իրանի ուրանի հարստացման ծրագիրը։ Թրամփը պնդել է, որ միջուկային հարցը կարգավորվելու է խաղաղ համաձայնագրի շրջանակում։

«Սա կլուծվի պատշաճ կերպով, հակառակ դեպքում ես չէի գնա գործարքի», – հայտարարել է նա AFP-ին՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Հարցին, թե արդյոք նա կվերադառնա 90 միլիոն բնակչություն ունեցող երկրում էլեկտրակայաններն ու կամուրջները ոչնչացնելու սպառնալիքներին, եթե համաձայնությունը տապալվի, Թրամփը պատասխան չի տվել։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Իրանի 10 կետից բաղկացած ծրագիրը անվանել է հետագա բանակցությունների հիմք։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավաստիացրել են Իսրայելին իրենց հանձնառության մասին՝ առաջիկա իրանա-ամերիկյան բանակցությունների ընթացքում ընդհանուր նպատակներին հասնելու հարցում։

«Իսրայելը աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները՝ պայմանով, որ Իրանը անհապաղ բացի Հորմուզի նեղուցը և դադարեցնի բոլոր հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ»,-նշել է նա:

Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը աջակցում է Միացյալ Նահանգների ջանքերին, որոնք ուղղված են «Իրանի սպառնալիքների»՝ միջուկային, հրթիռային և ահաբեկչական բաղադրիչների չեզոքացմանը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից շարունակում են ավիահարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Այդ հարձակումների հետևանքով սպանվել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Նրան փոխարինել է նրա 56-ամյա որդի Մոջթաբան, որը հակամարտության սկզբից ի վեր ոչ մի անգամ հրապարակային չի հայտնվել կամ տեսաուղերձով չի հանդես եկել։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Բացի այդ, Թեհրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի մի շարք երկրների նավթային պահեստներին և Հորրմուզի նեղուցով անցնող նավթային տանկերներին։ Նեղուցի շրջափակումը դարձել է լուրջ փորձություն Թրամփի համար․ նրան չի հաջողվել ոչ սպառնալիքների միջոցով, ոչ էլ ՆԱՏՕ-ի երկրների ներգրավմամբ լուծել ստեղծված իրավիճակը։

Leave a Comment