«Հայաստան» դաշինքի քաղաքականությունը միտված է լինելու արդյունաբերության վերածնունդին, բարձր տեխնոլոգիական տնտեսության ստեղծմանը։ Մենք ունենալու ենք մրցունակ Հայաստան, ստեղծելու ենք «Արտադրված է Հայաստանում» քաղաքականությունը, դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական ուղենիշները ներկայացնելիս այսօր հայտարարեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Արդյունաբերությունը կազմելու է ՀՆԱ-ի 25 տոկոսը։ Դա անելու ենք հարկային արտոնությունների և թիրախային աջակցության ծրագրերի միջոցով։ Գործարկվելու է ներմուծման փոխարինման քաղաքականություն, աջակցություն է ցուցաբերվելու փոքր և միջին ձեռնարկություններին։ Մենք ներմուծելու ենք փոքր ձեռնարկությունների՝ հարկային վերադարձի քաղաքականություն, վճարված հարկերը հետ են վերադարձվելու փոքր ձեռնարկատերերին»,- ասաց նա։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ իրենք նոր թափ են հաղորդելու զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։
«Թիրախը լինելու է 5 հազար զբոսաշրջիկ»,- ասաց նա։
Պատգամավորն անդրադարձավ նաև գյուղատնտեսության զարգացման կարևորությանը։ Այն, ըստ Խաչատրյանի, իրենց ոլորտային ծրագրերը միտված է լինելու գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց եկամտաբերության աճին։
«Ֆերմերներին տրամադրելու ենք մինչև 15 միլիոն դրամի՝ 0 տոկոսով վարկ, բուժանյութեր, սերմացու և այլն։ Գյուղացիների աշխատանքն ապահովագրված է լինելու։ Չի կարող մարդն ամբողջ տարի աշխատի, մեկ էլ՝ կարկուտ, մորեխ, ու ամբողջ տարվա աշխատանքը ջուրն ընկնի։ Խտացնելու ենք կարկտային կայանները, թիրախային աջակցություն է տրամադրվելու մթերող ընկերություններին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։