Վերջ կա՞․ «ՀարցուԳԻՏԱփորձ» — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ինչպիսի օբյեկտ, ֆիզիկական համակարգ էլ վերցնենք, այն ձևավորվում է ինչ֊որ պահի և ինչ֊որ պահի էլ կարող է ձևափոխվել մեկ ուրիշ օբյեկտի։ Բայց ոչնչի գնալ չի կարող, որովհետև իր մեջ ինչ֊որ էներգիա է պարունակում։ Ամեն մի տիպի վերջ կա, բայց նրա կրած էներգիայի վերջ չկա»։

Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, ասում ենք մենք։
Մի օր ծնվել ենք, մի օր կմահանանք, մի օր սկսել ենք, մի օր կհասնենք ավարտին։ 

Բայց մենք «գործն է անմահ» էլ ենք ասում։ «Քանի դեռ մարդուն հիշող կա, կա նաև նա, նա անմահ է»՝ ասում ենք։ Եվ երկու դեպքում էլ, կարծես, չենք սխալվում։

— Արդյո՞ք ես կարողացել եմ առավելագույնս վայելել կյանքը, առավելագույն երանություն ստանալ կյանքից և էդ երանությունը փոխանցել իմ շրջապատին։
— Վերջին պատրաստվելու լավ սցենար է։
— Ես կարծում եմ՝ շատ ավելի լավ սցենար, որովհետև, Արուս, կարծում ես՝ վերջին մոտիկ էսքանի քանի՞ տոկոսն է աչքիդ երևալու. հասա-չհասա, աշխատավարձի բարձրացում, աշխատանք, կարգավիճակ ունեցա-չունեցա։ Որովհետև, երբ մեծ հաջողության հասած մարդիկ հետ են նայում, ոչ թե հիշում են՝ 5 գործարան եմ սարքել, թե 6, այլ՝ կյանքում սեր եղե՞լ է, թե՞ չի եղել, ջերմություն եղե՞լ է, թե՞ չի եղել։

Այս հաղորդումն ինձնից երկար կապրի։ Հարյուրավոր տարիներ հետո հավակնոտ ջահելների մի խումբ հնագիտական հետազոտություններ կանցկացնի ցանցում, կհասնի armradio.am կայքին ու դժվարությամբ գլխի կընկնի, որ դա իրենց լավ ծանոթ, այդ ժամանակ էլ խիստ պոպուլյար Հանրային ռադիոյի առցանց հարթակի նախա-նախապապն է։ 

Մեզնից ոչ ոք էլ չի լինի ու նրանք ձայնս լսելով կփորձեն գուշակել՝ սիրո՞ւն էր խոսողը, թե՞ ոչ։ 

«Սա տղամարդկա՞նց աշխարհ է», «Գենը «հայու» լինո՞ւմ է», «Գեղեցկությունը զոհե՞ր է պահանջում», «Ե՞րբ է սկսվել ժամանակը»․․․ թեմաները կհաջորդեն իրար, մեկը եզրափակող ձայնային ազդանշանը դեռ չլսած նրանք մյուսը կմիացնեն։

Իսկ ես այսօր հանդգնում եմ ասել, թե՝ «Բարև։ Ես Արուսյակ Կապուկչյանն եմ, և սա «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի վերջին էպիզոդն է»։ 

Այսօր փորձելու ենք պարզել՝ վերջ կա՞։

Մենք չունենք այլընտրանքների բազմազանություն. սկսել ենք ապրել, պիտի նաև դադարենք դա անել։ Եվ եթե ավարտուն է միակ շոշափելին, որն ունենք՝ կյանքը, ապա դրանում մեր ունեցածը, ասենք՝ ընկերությունը, գործը, սերը չեն կարող հավերժ լինել։ Վերջը մի բան է, ինչին մենք երբեք մինչև վերջ պատրաստ չենք լինում, բայց ինչը գալիս է անխուսափելիորեն։ 

Եվ միևնույն ժամանակ մենք ունենք ինքնամխիթարանքի բազմաթիվ տարբերակներ, օրինակ՝ այն հարաբերությունը, որը ավարտվել է, իրականում ձևավորել է մեզ ու ապրելու է մեր հետ հավերժ՝ անկախ իր այդ պահի ֆիզիկական գոյությունից։ Ուրեմն այն չի ավարտվել։ 

Մենք կարող ենք ամեն ինչի ավարտը հաստատող հազար փաստարկ բերել, կարող ենք նաև պնդել ճիշտ հակառակն ու չսխալվել։ 

Այս իրավիճակում ինչպե՞ս վերաբերվել վերջի գաղափարին։ Վերջ կա՞․ 

«ՀարցուԳԻՏԱփորձ»-ի վերջին հարցը սա է։

***

— ֆիզիկան ուսումնասիրում է մեր շրջապատող աշխարհը․ մենք լազերների միջոցով ուսումնասիրում ենք ինչ֊որ համակարգերի հատկություններ, ճառագայթում ենք տալիս, ուսումնասիրում ենք էդ ճառագայթման ազդեցությունը, շրջակա աշխարհը, աստղերը, գալակտիկաները, ավելի մեծ մասշտաբներ ենք գնում՝ գալակտիկաների կույտեր, հետո՝ գերկույտեր, և հիմա գալիս է արդեն մեգատիեզերքը։
— Դուք, կարծես, ուսումնասիրում եք ամեն ինչ։
— Ամեն ինչ, այո։

Ամեն ինչ ուսումնասիրողների համայնքի ներկայացուցիչ զրուցակիցս՝ ԵՊՀ Տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանն ասում է՝ միակ վերջավոր բանն այս պահի մեր իմացությունն է։ Ֆիզիակայում կա «հորիզոն» հասկացությունը, որն այն սահմանն է, որից այս կողմ գտնվողը մենք տեսնում ենք։ Բայց դա բնավ չի նշանակում, որ դրանից այն կողմ ոչինչ չկա։ Այսպես, առաջին արձանագրում՝ այն հարթությունը, որի վրա ի թիվս անթիվ մարմինների կա նաև այս մի փոշեհատիկը՝ Երկիր մոլորակը, անվերջ-անսահման է։ 

Այդ հարթության վրա գտնվող օբյեկտվների վերջի՝ վերացման քննարկումը սկսենք ամենամեծ միավորներից․ 

«Մեր աշխարհի՝ որպես ամբողջություն, դինամիկան նկարագրվում է գրավիտացիոն դաշտի տեսությամբ, որը Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությունն է։ Այդ տեսությունն ի՞նչ է ասում, մեր տիեզերքին ի՞նչ է սպասվում, ի՞նչ կլինի մեր տիեզերքի հետ։ Կախված է նրանից, թե այսօր ինչ իրավիճակ ունենք»։

Վերջն իմանալու համար պետք է իմանալ՝ ինչպիսին է եղել սկիզբ։ Այն մեզ համար նույնքան անհայտ է՝ ասում է Արամ Սահարյանը։ Բայց ֆիզիկան առաջ է քաշում մի քանի տարբերակ։ 

«Մեկը կոչվում է հարթ տիեզերք, մեկը՝ փակ տիեզերք, իսկ մյուսը` բաց տիեզերք։ Հիմա թե դրանցից որն է մեր տիեզերքը, դա կախված է նրանից, թե մեր տիեզերքի 1 սմ խորանարդում միջին էներգիան ինչպիսին է՝ ներառյալ էլեկտրոններ, պրոտոններ, ամբողջը. ինչքա՞ն էներգիա կա։ Եվ գոյություն ունի կրիտիկական էներգիայի հասկացություն։ Հիմա եթե պարզվի, որ մեր տիեզերքում միջին խտությունը էդ կրիտիկականին է հավասար, ուրեմն հարթ տիեզերքն է։ Եթե դրանից ավելի է, ուրեմն մեր տիեզերքը փակ մոդելն է, իսկ եթե էդ կրիտիկական խտությունից փոքր է, դա արդեն բաց մոդելն է»։

Եթե պարզվի, որ մեր տիեզերքը հարթ կամ բաց է, ապա այն հավերժ կընդարձակվի, իսկ եթե պարզվի՝ փակ է, ապա այն կընդարձակվի, կհասնի մաքսիմալ չափերի, կսկսի սեղմվել ու տեղի կունենա մեծ պայթյուն, ֆիզիկայի լեզվով՝ ճայթյուն։ Վերջինի դեպքում ևս մենք կխոսեք տիեզերքի՝ այս ֆորմատով ավարտի մասին։ Բայց դա չի նշանակի, որ այն չքանում է։ 

— Ամեն մի տիպի վերջ կա, բայց նրա կրած էներգիայի վերջ չկա։ Իհարկե, եթե համարենք, որ մեր էներգիան մեր աշխարհից չի գնում. հիմա քննարկվում են, որ բացի մեր աշխարհից՝ մեր չափողականությունից, կա լրացուցիչ չափողականություն, որը մեզ առայժմս հասանելի չէ, բայց կարող է էս մեր աշխարհից էներգիան հոսել էն մյուս աշխարհ։ Այդ դեպքում կլինեն բաներ, որ մեր աշխարհից կվերանան…
— Բայց կգնան մյուս աշխա՞րհ։
— Բայց չեն կորչի, կկորչեն միայն մեզ համար։ 

Ֆիզիկն ասում է՝ վերջավոր է ամեն միավոր երևույթի կյանքը, և միաժամանակ ոչինչ չի ավարտվում։ Եթե սա լսելու պահին ձեր դիմաց մարդ կա ու դուք կարծում եք, որ, այ, օրինակ, ձեր միջև եղած հեռավորությունը վերջավոր է, ապա հիշեք, որ ձեր միջև ընկած են մասնիկներ, որոնց միջև ևս ընկած են մասիկներ և այսպես հավերժ։ Դուք ձեր դիմաց կանգնած մարդուց անվերջ հեռու եք։ 

Գիտական այս՝ առաջին հայացքից հակասական մտքի հետ հաշվի նստելու համար փիլիսոփայական մեկնաբանության կարիք կլինի։ 

Ի վերջո՝ վերջ կա՞, թե՞ ոչ․

«Ինձ ինչ֊որ խիստ այլընտրանքների մեջ եք դնում, բայց միգուցե կա երրո՞րդ տարբերակ ևս։ Փորձենք երրորդ տարբերակը հասկանալ»։

Սա փորձելու ենք անել փիլիսոփա Արմեն Ղարագուլյանի հետ։ Եթե նույնիսկ ոգևորվում ենք տիեզերական հավերժության մտքով, պետք է միաժամանակ անենք առաջին քայլը՝ հաշտվենք մարդու անցողիկության գաղափարի հետ․

«Բոլորս էլ մի օր եկել ենք, մի օր գնալու ենք։ Պլաստիկը, որ պլաստիկ է, մի քանի հարյուր տարուց կքայքայվի։ Նույնիսկ պլաստիկի հավերժական չէ։ Բայց միաժամանակ մարդկային մտածողությունը վաղ ժամանակներից հարց է տվել` լավ, էս փոփոխականի մեջ կա՞ արդյոք ինչ֊որ մի բան, որ մնայուն է»։

Սա արդարացի հարց է․ դժվար է ապրել մեծ ոգևորությամբ, եթե գիտես, որ ընդամենն անցողիկ դրվագ ես ու չես գտնելու մի բան, ինչից արժե կառչել՝ կյանքն իմաստավորելու համար։ Մարդիկ սկսեցին փնտրել այդ հարցի լուծումն ու ստացան բոլորովին տարբեր պատասխաններ։ Մեկի համար, օրինակ, վերջին սպասելու ընթացքում կյանքն իմաստավորելու միջոց դարձավ արտաքին աշխարհն ու այնտեղից արժեքավոր լինելու հավաստիացում ստանալը․

«Ես կարող եմ ինձ նույնականացնել տարբեր բաների հետ։ Եթե ես իմ վիճակը նույնականացնում եմ եղանակի հետ՝ այսօր բավական անձրևոտ է, տխուր է, մռայլ է, ուրեմն ես կլինեմ տխուր, մռայլ։ Եթե ես ինձ նույնականացնեմ արտաքին աշխարհից, իմ հարաբերություններից ստացվող արձագանքների հետ՝ այսօր 5 կոմպլիմենտ եմ ստացել՝ արևը շողշողաց, իսկ վաղը չեմ ստանում էդ կոմպլիմենտները, ոչ մեկ իմ նոր շորիկին ուշադրություն չի դարձնում, ուրեմն իմ կյանքում մի բան էն չի։ Ես ինչի՞ց եմ կառուցում իմ անձի մասին ունեցած պատկերացումը, իմ ներքին ընկալումը ինչի՞ վրա է հիմնված․ սա է ամբողջ խնդիրը»։ 

Փոքրիկ հուշում՝ չարժե ապրել մի կյանք՝ դրա ստաբիլությունը կապելով բացարձակապես չվերահսկվող մի բանի՝ այլ մարդու ցանկության հետ։ Ուստի փիլիսոփան ասում է՝ եթե սպասում ենք վերջին, ապա գտնենք դա անելու՝ սիրտն ու հոգին ավելի ապահովագրող տարբերակներ․

«Եկեք ավելի պարզ օրինակ վերցնենք․ ծովի ալիքներին նայենք. ալեկոծություն է, անընդհատ փոփոխվում է, ալիքները գալիս են, խփում են, փրփրում են և այլն և այլն, և այլն։ 2 մետր իջնում ես ներքև`  հանգիստ, խաղաղ, անդորր։ Հիմա ծովը փոթորկու՞ն է, թե՞ փոթորկուն չի․ դե նայած՝ որ մակարդակում ենք նայում, նայած ինչի հետ ենք մեզ ասոցացնում։ «Ես պետք է անպայման հաջողության հասնեմ, նշանակալի լինեմ»․ իսկ ի՞նչ կլինի, եթե հաջողության չհասնես։ Խնդիրն այն է, որ կենսակերպը, որով մենք ապրում ենք, մեզ անընդհատ էդ վազքի մեջ է դնում. էս հասցնեմ, էն հասցնեմ, նոր աշխատանք, նոր աշխատավարձ, նոր հնարավորություններ, նոր պլաններ․․․ ես անում, անում, անում եմ, բայց արդյունքում ծովի ավելի մեծ ալիք է գեներացվում, ավելի հուժկու հարված, ավելի փրփրալի ալիք, ավելի սպիտակ… բայց, այնուամենանակիվ, ներքևի մակարդակն էլ կա. իսկ էդ ներքևի մակարդակի հետ կապված ի՞նչ ենք մենք անում»։

Համատիեզերական հավերժության մեջ մենք՝ աչքներս վերջին հառած, շտապում ենք։ Ես սկսել եմ այս հաղորդումն իմանալով, որ այն մի օր կավարտվի, ուստի սկսել եմ մտքով, որ այն պետք է լավը լինի․ չէ՞ որ տրված է սահմանափակ հնարավորություն, որից պետք է քամել առավելագույնը։ 

Բայց այս հաղորդումը ստեղծելը՝ դեպի վերջ տանելը, ինձ համար հաճո՞ւյք էր, թե՞ շնչակտուր մրցվազք։ 

Եվ խոսքը բնավ միայն հաղորդման մասին չէ․ փիլիսոփան ասում է՝ սրա մասին մտածեք․

«Շատ լավ է կյանքը մինչև վերջին կաթիլն ապրելը, դու չես հետաձգում, որովհետև գիտես՝ երկրորդը չունես, չես ունենալու։ Բայց կա մի բան որը սկսում է փչացնել․ «հասնեմ արդյունքի կամ չհասնեմ արդյունքի»։ Երբ դու որոշում ես, որ պետք է լավ անել, որովհետև սա կյանքն է, տրված է կյանքի գեղեցկությունը վայելելու, իրապես վայելելու, կյանքի ոչ մի հնարավորություն բաց չթողնելու լավագույն տարբերակը, 100% էս մոտեցմամբ մեր ընկերն ես»։

Վախը վատ բան է։ Հատկապես եթե այն անխուսափելիից՝ վերջից, և անիմաստից՝ արտաքին ու կյանքի որակի վրա որևէ խորքային ազդեցություն չունեցող հավաստումներ չստանալուց է։ Մարդկանց ու իրերի մակարդակում ամեն ինչ մի օր կավարտվի։ Բայց կմտա էներգիան, որ հավերժ է, հիշողությունը, որ կարող է հավերժ լինել, կյանքի ընթացքում ունեցած խաղաղությունը, որը կարող է հավերժության երանելի տպավորություն ստեղծել։ 

Սա հաղորդման վերջին էպիզոդն է։ Բայց այս հաղորդումը չի ավարտվելու, քանի որ երբեք չենք իմանա՝ մի քանի հարյուր տարի հետո որ հնագետը կհայտնվի Հանրային ռադիոյի՝ այդ ժամանակ արդեն մոռացված հին կայքում ու ամեն ինչ կսկսվի սկզբից։ Չենք իմանա՝ ինչ կմտածի նա, ինչ հետևություն կանի հաղորդման այս կամ այն էպիզոդը, այս կամ այն բանախոսին լսելիս, ինչպես կփոխի իր կյանքը, ինչպես հաղորդումը՝ այդ մարդու ինքնության մի մաս դարձած, կապրի հավերժ։ 

Քանզի էներգիան ոչ մի տեղ չի կորում․ Տիեզերքի օրենքն է։ 

Ես ձեզ հրաժեշտ ենք տալիս՝ այս անգամ առանց Հանրային ռադիոյի եթերում հերթական պարզ, բայց մեր կյանքը պայմանավորող հարցի պատասխանը փնտրելու խոստման։ 

Դուք լսում էիք «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումը, մի վերջին անգամ այն ձեզ համար պատրաստեց Արուսյակ Կապուկչյանը։

Leave a Comment