Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է կենսաապահովման նվազագույն զամբյուղին, իսկ բազային կենսաթոշակը աճելու է առնվազն 50 տոկոսով. Մինասյան

Մեր առաջնային քայլերը լինելու են հշետևյալները. Հայաստանում նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է կենսաապահովման նվազագույն զամբյուղին, ինդեքսավորվելու է, այսինքն՝ պարբերաբար աճելու։ Այս մասին այսօր՝«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ, հայտարարեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ բազային կենսաթոշակը աճելու է առնվազն 50 տոկոսով և պարտադիր ինդեքսավորվելու է՝ գնաճին զուգահեռ։ Բացի այդ՝ ձմռանը կփոխհատուցվեն միայնակ, անապահով թոշակառուների, ծայրահեղ աղքատների և բազմազավակ ընտանիքների՝ գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը, կվերանայվի էլեկտրաէներգիայի սակագինը, կնվազեցվի գույքահարկը և կչեղարկվի համատարած հայտարարագրումը։

Արծվիկ Մինասյանը միաժամանակ շեշտեց՝ միաժամանակ անհրաժեշտ է երկրի զարգացման գործում ներգրավել Սփյուռքին։ Ըստ նրա՝ քանի որ հայության համախառն կապիտալը գնահատվում է 400 միլիարդ դոլար, այդ միջոցների նույնիսկ 5 տոկոսը կարող է ապահովել Հայաստանի տնտեսական զարգացումը։

«Իշխանությունները հավաստիացնում են, թե առողջապահության ապահովագրության հիմնադրամը լուծել է բոլոր խնդիրները։ Նրանք ստում են։ Անհրաժեշտ է կայուն համակարգ, որը ոչ թե խնդիրներ կստեղծի, այլ կլուծի դրանք, մինչդեռ ներկայիս տեսքով խնդիրներ են ստեղծվել թե՛ բժիշկների, թե՛ բուժառուների համար։ Համընդհանուր ապահովագրություն լինելու է, բայց այն գործելու է մաքսիմալ անթերի ձևով՝ ներառելով բոլորին», – շարունակել է Մինասյանը։

Արծվիկ Մինասյանն ընդգծեց՝  իրենք գործի են դնելու «աճող ընտանիքի» մոդելը, որտեղ 2-րդ երեխայից սկսած՝ ծնողների եկամտահարկը կնվազի 3 տոկոսով։ Բազմազավակ ընտանիքներին և արցախցիներին կցուցաբերվի բնակարանայն աջակցություն։

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց «տուգանքի մատերիալ» դարձած տաքսիստների խնդրին։ Նրա խոսքով՝ տաքսիստների և գյուղատնտեսական աշխատողների գործունեությունը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ։ Նորամուծությունները կվերաբերեն նաև Ճանապարհային երթևեկության կանոններին (ՃԵԿ). արագության գերազանցման խախտման հաշվարկի շեմը 10 կմ/ժ-ից կբարձրացվի 15 կմ/ժ-ի, իսկ բալային համակարգն ամբողջությամբ կչեղարկվի։ Ծրագրվում է տարեկան ստեղծել մինչև 140 հազար աշխատատեղ։

Արծվիկ Մինասյանը նաև ընդգծեց՝ 1998-2008 թվականներին ոչ միայն կատարվել է խոստացվածը, այլև արվել է ավելին։

«Մենք հնչեցնում ենք նվազագույն խոստումներ, բայց կանենք ավելին և կանենք դա միասին», – ասաց պատգամավորը։

Leave a Comment