8 ապրիլի 2026 – 12:48 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին:
Փոխնախարարն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում իրականացվող նախագծերին։
Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ծրագրի շրջանակում գործադրված ջանքերի և իրանական ընկերության ակտիվ ներգրավվածության շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետում՝ 2027 թ․։
Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։
Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կառուցումը մեկնարկել է 2012–ին , սակայն դեռ ավարտին չի հասցվել։ Եթե Հյուսիս-Հարավ մայրուղին վերջապես երկրի հյուսիսը նոր ճանապարհով կապի հարավին, գործող 550 կմ երկարությամբ ճանապարհը կկրճատվի մի քանի ժամով։ Կնվազի նաև բեռնափոխադրումների գինը։