Մերձավոր Արևելքում պատերազմի երկշաբաթյա հրադադարը ցույց է տալիս, որ բանակցային տրամաբանությունը փոխվել է հօգուտ Իրանի՝ Հորմուզի նեղուցը Իրանի թույլտվությամբ բացելու փաստով, ինչը չկար պատերազմից առաջ, հայտարարել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Ըստ նրա՝ հրադադարի պահպանման դեպքում Իրանը ոչ միայն կմեծացնի բանակցային կողմերի շրջանակը, այլև կբարձրացնի զինված գործողությունների վերսկսման գինը ԱՄՆ ու Իսրայելի համար:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը և աշխարհը մի քայլ հետ է դարձել անդունդի եզրից, քանի որ հրադադարի համաձայնությունը կայացել է Իրանի կողմից զրոյական զիջմամբ։
«Աշխարհաքաղաքական առումով նույնիսկ կա կարևորագույն ձեռքբերում, քանի որ բոլորը գիտեն, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը մինչև պատերազմը կախված չէր Իրանի կամքից, իսկ այժմ հենց այդ երկիրն է բացում կամ փակում այն»,- շեշտել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրելը, իշխանափոխության հասնելը, միջուկային և հրթիռային ծրագրերից հրաժարվելն ու Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերին աջակցությունը դադարեցնելն անհնար է։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Անանյանի խոսքով՝ ՀՀ-ի համար սա պարզապես արտաքին նորություն չէ։
«Սա մեր անվտանգության, մեր տնտեսության, մեր ապագայի վրա անմիջական ազդեցություն ունեցող հանգույց է։ Եթե այս թնջուկը իսկապես սկսի լուծվել, ապա փոխվելու է ոչ միայն տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը, այլև այն միջավայրը, որի մեջ մենք պետք է կայացնենք մեր քաղաքական և տնտեսական որոշումները»,- նշել է նա։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կասկած է հայտնել, որ հրադադարը կարող է խախտվել ԱՄՆ-ի կողմից։ Նրա խոսքով՝ 10 կետերից որոշները «ակնհայտ ծաղր են ԱՄՆ և Թրամփի նկատմամբ», բայց վերջինս արդեն հայտարարել է, որ այդ կետերը կարող են հիմք լինել հետագա բանակցությունների համար։
«Հենց այս հայտարարությունն էլ կասկածներ է հարուցում, որ ԱՄՆ-ն ընդամենը վերախմբավորման համար դադար է վերցրել»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնել է Միացյալ Նահագների և Իրանի միջև առաջարկվող երկշաբաթյա հրադադարին՝ պայմանով, որ նավագնացությունը Հորմուզի նեղուցով շարունակվի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է, որ Թեհրանը կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Իրանի դեմ հարձակումները նույնպես դադարեցվեն։
