2025-ին Հայաստանում ՌԴ-ից ներդրումների արտահոսքը նվազել է, Կանադայից՝ աճել

2025-ին Հայաստանում ՌԴ-ից ներդրումների արտահոսքը նվազել է,  Կանադայից՝ աճել

8 ապրիլի 2026 – 11:35 AMT

PanARMENIAN.Net – 2025-ին Հայաստանում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ներհոսքը հասել է 34․5 մլրդ դրամի՝ նախորդ տարվա 29․8 մլրդ դրամի համեմատ։ Այս տվյալները ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Կանադայից ներդրումային հոսքը նվազել է, մինչդեռ Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կրճատվել։ Եթե 2024 թվականին Կանադայից ներդրումները ոլորտում կազմել էին 17․7 մլրդ դրամ (մոտ $46 մլն), ապա 2025-ին գրանցվել է 73․7 մլրդ դրամի արտահոսք (մոտ $194 մլն), հայտնում է Sputnik Արմենիան:

Ռուսական ներդրումների մասով հակառակ իրավիճակն է․ արտահոսքը կրճատվել է՝ 2024-ի 100,7 մլրդ դրամից (մոտ $265 մլն) 2025-ին հասնելով մոտ 7 մլրդ դրամի (մոտ $18,6 մլն)։

2025 թվականին Ամուլսարի ոսկու հանքավայրի բաժնետոմսերի 87․5%-ը «Lydian Canada Ventures Corporation» ընկերությունից անցել է բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «United Gold ARM LLC FZ» ընկերությանը։ Բաժնետոմսերի ևս 12․5%-ը մնում է Հայաստանի կառավարության սեփականությունը։

Բացի այդ, ոլորտում մոտ 20 մլրդ դրամի (մոտ $52․5 մլն) ներդրում է ստացվել Ղազախստանից։

Էներգետիկայի ոլորտում Կիպրոսին բաժին է հասել ավելի քան 7 մլրդ դրամի ներդրում։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր «Տաշիր կապիտալ» հոլդինգի որոշ ակտիվներ գրանցված են հենց Կիպրոսում։ Նախորդ տարվա համեմատ այս ներդրումների ծավալն աճել է ավելի քան կրկնակի։

Գերմանիայից կապիտալի արտահոսքը կազմել է մոտ 37 մլրդ դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է KfW բանկի կողմից տրամադրված վարկերի վերադարձով։

Ջրային տնտեսության ոլորտում Ֆրանսիան շարունակել է մնալ գլխավոր ներդրողը, թեև ներդրումների ծավալը նվազել է՝ 2024-ի ավելի քան 9 մլրդ դրամից հասնելով մոտ 7․5 մլրդ դրամի։

Ավիացիոն ոլորտում արձանագրվել է զգալի աճ։ Մոլդովայից ներդրումները կազմել են 3․7 մլրդ դրամ, մինչդեռ 2024-ին նման ներդրումներ չեն եղել։ Լյուքսեմբուրգից ներհոսքը գրեթե քառապատկվել է՝ հասնելով 30․5 մլրդ դրամի։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ից ներդրումները որոշ չափով նվազել են՝ 10․2 մլրդ դրամից հասնելով 8․8 մլրդ դրամի։

Ալկոհոլային խմիչքների արտադրության ճյուղում 2025-ին հիմնական ներդրողներ են դարձել Ֆրանսիան և Լյուքսեմբուրգը՝ համապատասխանաբար ավելի քան 3 մլրդ և մոտ 4․5 մլրդ դրամ ներդրումներով, մինչդեռ նախորդ տարի այս ուղղություններով գրանցվել էր արտահոսք։

Լյուքսեմբուրգը, Կիպրոսը և Վիրջինյան կղզիները հաճախ կիրառվում են որպես օֆշորային հարթակներ ներդրումների համար։

Leave a Comment