ԱԺ-ն ընդունել է դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումն արգելող նախագիծը

ԱԺ-ն ընդունել է դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումն արգելող նախագիծը

8 ապրիլի 2026 – 10:40 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով առաջարկվում է արգելել կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը։

67 կողմ, 6 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ որոշել է օրենսգրքում առկա «տեխնիկական վրիպակն ուղղել», ըստ որի՝ կուսակցությունների դաշինքների անվանումները չպետք է անձնավորվեն, հայտնում է Factor.am-ը:

Նախագիծը ներառվել էր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում հրատապության կարգով, քանի որ ապրիլի 13-ից ԿԸՀ-ն սկսելու է կուսակցությունների և դաշինքների գրանցման գործընթացը։ Նշվել է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով նախատեսվում է խստացնել քվեարկության ընթացակարգերը և հստակեցնել մի շարք կարգավորումներ։

Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ առաջարկվել է սահմանել, որ քվեատուփը բացելիս ընտրական հանձնաժողովի նախագահը չի կարող ձեռքում ունենալ որևէ այլ իր՝ բացառությամբ քվեարկության ծրարի։ Քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե դրա վրա առկա է որևէ գրառում կամ նշում, ինչպես նաև այն դեպքում, երբ քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի գտնվում է ցանկացած այլ առարկա։

Այս դրույթը, ըստ հիմնավորման, ուղղված է ընտրակաշառքի վերահսկման հնարավոր մեխանիզմների կանխմանը, երբ ընտրողից կարող է պահանջվել ծրարի մեջ դնել իրեն բացահայտող նշան։

Նախագծով նաև սահմանվել է, որ նման իրավիճակներում քվեարկության ծրարը անմիջապես կմարվի՝ դրա մեջ գտնվող քվեաթերթիկի հետ միասին, և հետագայում այդ քվեաթերթիկները կհաշվարկվեն որպես անվավեր։

Միաժամանակ առաջարկվել է վերացնել տեխնիկական պահանջը, որի համաձայն պարտադիր էր դաշինքի անվան տակ փակագծերում նշել դրա կազմում ընդգրկված բոլոր կուսակցությունների անվանումները։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ իրականացվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել ընտրական գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, նվազեցնել գործնական խնդիրները և ապահովել ընտրությունների թափանցիկ ու արդար անցկացումը։

Նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք օրեր առաջ հայտարարել են խորհրդարանական առաջիկա ընտրություններին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով մասնակցելու մասին։ Նրանք պնդել են, որ չի կարելի նման կարևոր փոփոխություններ իրականացնել այն պայմաններում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նաև նշել են, որ նախագիծը հակաժողովրդավարական է։

Նախաձեռնությանը դեմ են արտահայտվել նաև խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ ընդգծելով, որ ընտրություններից կարճ ժամանակ առաջ «խաղի կանոնները» փոխելը անթույլատրելի է։

Leave a Comment