«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Ընդ որում, 2 անգամ ընդմիջում հայտարարվեց, որ ՔՊ-ն կարողանա իր անդամներին հավաքել ԱԺ-ում: 40 րոպե անց կարողացան ծայրը ծայրին հասցնելով անցկացնել նախագիծը:
Նախագծի ընդունումը նշանակում է, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը չի կարող գրանցվել այդ անունով։
Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի Ընտրական հարցերի վարքականոնում ամրագրված է սկզբունք, ըստ որի՝ ընտրություններից մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքում հիմնարար փոփոխություններ չպետք է կատարվեն։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ընտրական օրենսգրքային փոփոխությունները, որպես կանոն, պետք է ընդունվեն լայն քաղաքական կոնսենսուսով, այսինքն՝ խորհրդարանական բոլոր հիմնական ուժերի համաձայնությամբ։ Մինչդեռ այս դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» միանձնյա որոշեց արգելել անձնանունների օգտագործումը դաշինքների գրանցման և քվեաթերթիկներում դրանց արտացոլման հարցում։ Առանց կոնսենսուսի:
Այսպիսով, եվրոպական արժեքներին և ԵՄ անդամակցության ձգտումներին հաճախ հղում անող իշխանությունը փաստացի անտեսեց հենց եվրոպական կառույցների սահմանած մոտեցումներն ու քաղաքական էթիկայի կարևոր նորմերը՝ շրջանցելով կոնսենսուսի պահանջը և կատարելով միակողմանի փոփոխություններ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: