ԱԺ-ն ընդունել է ԱԲ բովանդակության պարտադիր մակնշման օրենքը

ԱԺ-ն ընդունել է ԱԲ բովանդակության պարտադիր մակնշման օրենքը

8 ապրիլի 2026 – 10:27 AMT

PanARMENIAN.NetԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախագիծ, որով նախատեսվում է արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության պարտադիր մակնշում հեռարձակման ժամանակ։

Կողմ է քվեարկել 67, դեմ՝ 0, ձեռնպահ է մնացել 6 պատգամավոր, հայտնում է Արմենպրեսը:

Օրենքի կիրառման վերահսկողությունն ու մշտադիտարկումը իրականացնելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, իսկ խախտումների դեպքում նախատեսվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով։

Ավելի վաղ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը ներկայացրել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը նշել է, որ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխության հիմնական նպատակը սինթետիկ կամ արհեստական բանականությամբ ստեղծված հեռուստաբովանդակության նույնականացումն է՝ այն լսարանի համար առավել հստակ դարձնելու միջոցով։

«Կառավարությունն օրենսդրական սույն նախագծով առաջարկում է մի քանի լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում, որի հիմնական էությունը կայանում է նրանում, որ մենք հետայսու՝ օրենքի ընդունումից հետո, ակնկալելու ենք, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մակնշեն»,- ասել էր Հայրապետյանը։

Նա նաև պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է համապատասխան լեյբլինգին, որի շնորհիվ բովանդակության վրա հստակորեն տեսանելի կլինի դրա արհեստական բանականությամբ ստեղծված լինելու հանգամանքը։

Leave a Comment