Թրամփն ընդունել է Իրանի առաջարկը և դադարեցրել հարվածները, Թեհրանը՝ համաձայնվել բացել Հորմուզի նեղուցը

Թրամփն ընդունել է Իրանի առաջարկը և դադարեցրել հարվածները, Թեհրանը՝ համաձայնվել բացել Հորմուզի նեղուցը

8 ապրիլի 2026 – 10:21 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Իրանի առաջարկը և 2 շաբաթով դադարեցրել հարվածները, Թեհրանը համաձայնվել է բացել Հորմուզի նեղուցը, հայտնում է BBC-ն:

«Ես համաձայն եմ դադարեցնել Իրանի վրա գրոհներն ու ռմբակոծությունները 2 շաբաթով»,-գրել է Թրամփը սոցցանցերում:

Թրամփն ասել է, որ Իրանից «10 կետից բաղկացած առաջարկ» է ստացել, որը համարում է «բանակցությունների համար աշխատանքային հիմք»։ Թրամփի խոսքով՝ այս երկշաբաթյա ժամկետն անհրաժեշտ է վերջնական համաձայնության տեքստը համաձայնեցնելու համար։

Իրանը, իր հերթին, հաստատել է, որ պատրաստ է գնալ հրադադարի, սակայն միաժամանակ առաջադրել է մի շարք սեփական պայմաններ։

Իսրայելն աջակցություն է հայտնել հրադադարին՝ ընդգծելով, որ այն չի տարածվել Լիբանանի վրա։

Թրամփը սպառնացել էր, որ եթե Իրանը չապաշրջափակի Հորմուզի նեղուցը, որով խաղաղ ժամանակներում անցել է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մոտ 20 տոկոսը, Միացյալ Նահանգները կհարվածեն երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ կամուրջներին և էլեկտրակայաններին, և անգամ կվերացնեն «իրանական քաղաքակրթությունը»։ Այդ վերջնագրի ժամկետը լրանալու էր ապրիլի 8-ին՝ Գրինվիչի ժամանակով 01:00-ին (Երևանի ժամանակով՝ 04:00-ին)։ Այն պահին, երբ Թրամփը գրել է «հրադադարի մասին», նշված ժամկետի ավարտին մնացել էր եղել մեկ ժամից փոքր-ինչ ավելի։

Վերջին ժամերին Պակիստանը, որը միջնորդի դեր է ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև, հրապարակայնորեն հայտարարել է, որ կողմերին փոխանցել է խաղաղության առաջարկը, ըստ որի Վաշինգտոնը պետք է երկու շաբաթով դադարեցներ ռմբակոծությունները, իսկ Թեհրանը՝ բացեր նեղուցը։ Իր հրապարակման մեջ Թրամփը նշել է, որ զրուցել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ, և նրանք իրեն խնդրել են «զսպել այն կործանարար ուժը, որը այս երեկո ուղղվում է դեպի Իրան» (ԱՄՆ-ում դեռ երեկո էր)։

«Գրեթե բոլոր նախկին վիճահարույց հարցերը Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնեցված են, սակայն երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնական տեսքի բերել և իրականացնել համաձայնագիրը», — գրել է նախագահը։

Թրամփի հայտարարությունից մոտ մեկ ժամ անց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ինչպես նաև երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել են, որ Թեհրանը համաձայնել է երկշաբաթյա հրադադարին և Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնմանը։ Արաղչին ընդգծել է, որ նավարկությունը հնարավոր է դարձել «Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։

Իրանի պետական հեռուստատեսությունը գրեթե անմիջապես փոխանցել է Թրամփի հայտարարությունը՝ իրավիճակը ներկայացնելով այսպես. «Թրամփը հայտարարել է երկշաբաթյա հրադադարի մասին՝ ընդունելով Իրանի պայմանները՝ պատերազմը ավարտելու համար»։ Բացի այդ, նրա հայտարարությունը բնութագրվել է որպես «նվաստացուցիչ նահանջ հակաիրանական հռետորաբանությունից»։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ հրադադարը ուժի մեջ է մտել «անմիջապես»։ Նրա խոսքով՝ կողմերը վերջնականապես համաձայնեցրել են այն Թրամփի վերջնագրի ժամկետի ավարտից ընդամենը 10 րոպե առաջ։

Նույնիսկ հրադադարի մասին հայտարարությունից հետո Իսրայելում և Պարսից ծոցի արաբական երկրներում շարունակվել է օդային տագնապ հայտարարվել Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակումների պատճառով։

Համաշխարհային ֆինանսական շուկաներն արձագանքել են Իրանի շուրջ երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդումներին՝ նավթի և նավթամթերքների գների նվազումով։ Ապրիլի 8-ի առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը տատանվել է մոտ 95 դոլարի սահմաններում մեկ բարելի համար, մինչդեռ նախորդ օրn այն կազմել է մոտ 110 դոլար, վկայել են գնանշումները հետևող ծառայությունների տվյալները, գրում է Deutsche Welle-ն:

Trading Economics հարթակի տվյալներով՝ հում նավթը մեկ օրվա ընթացքում համաշխարհային շուկաներում արժեզրկվել է 14%-ով՝ հասնելով 96 դոլարի մեկ բարելի համար։ Մազութը, որը ԱՄՆ-ում լայնորեն օգտագործվում է որպես ջեռուցման վառելիք, նույն ժամանակահատվածում էժանացել է 17%-ով, իսկ բենզինը՝ գրեթե 10%-ով։

Նավթային ոլորտում գների անկումը դարձել է շուկաների ակնհայտ արձագանքն ԱՄՆ-ի և Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունում երկշաբաթյա հրադադարի մասին տեղեկություններին, ինչպես նաև Հորմուզի նեղուցի արգելափակման հնարավոր մոտալուտ վերացման սպասումներին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից շարունակում են ավիահարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Այդ հարձակումների հետևանքով սպանվել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Նրան փոխարինել է նրա 56-ամյա որդի Մոջթաբան, որը հակամարտության սկզբից ի վեր ոչ մի անգամ հրապարակային չի հայտնվել կամ տեսաուղերձով չի հանդես եկել։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Բացի այդ, Թեհրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի մի շարք երկրների նավթային պահեստներին և Հորրմուզի նեղուցով անցնող նավթային տանկերներին։ Նեղուցի շրջափակումը դարձել է լուրջ փորձություն Թրամփի համար․ նրան չի հաջողվել ոչ սպառնալիքների միջոցով, ոչ էլ ՆԱՏՕ-ի երկրների ներգրավմամբ լուծել ստեղծված իրավիճակը։

Leave a Comment