ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է Միացյալ Նահագների և Իրանի միջև առաջարկվող երկշաբաթյա հրադադարին՝ պայմանով, որ նավագնացությունը Հորմուզի նեղուցով շարունակվի, փոխանցում է BBC-ն:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է, որ Թեհրանը կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Իրանի դեմ հարձակումները նույնպես դադարեցվեն։
Իսրայելը հայտարարել է, որ աջակցում է Թրամփի որոշմանը՝ դադարեցնել Իրանի դեմ հարվածները, սակայն ընդգծել է, որ երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։ Միևնույն ժամանակ, Պակիստանի վարչապետը պնդել է հակառակը՝ նշելով, որ հրադադարը ներառում է նաև Լիբանանը։
Հրադադարի մասին հայտարարությունը հնչել է ընդամենը մեկ ժամից քիչ ավելի վաղ այն վերջնաժամկետից, որը Թրամփը սահմանել էր՝ պահանջելով Իրանից համաձայնության գալ, հակառակ դեպքում սպառնալով, որ «ամբողջ քաղաքակրթությունը կկործանվի»։
Միջնորդի դեր ստանձնած Պակիստանը երկու կողմերին ուրբաթ հրավիրել է բանակցությունների Իսլամաբադում:
Հրադադարի մասին հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազել են՝ այժմ վաճառվելով մեկ բարելի համար 100 դոլարից զգալիորեն ցածր մակարդակում։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
