Իսրայելն ամեն ինչ կանի, որպեսզի երկարաժամկետ համաձայնագիր չկնքվի. Սերգեյ Մելքոնյան

Իսրայելն ամեն ինչ կանի, որպեսզի երկարաժամկետ համաձայնագիր չկնքվի. Սերգեյ Մելքոնյան

Իրանը, Պակիստանի միջնորդությամբ, ԱՄՆ-ին և Իսրայելին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու իր պաշտոնական առաջարկը։ Սա պատասխան քայլ է նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնագրին, որի ժամկետը լրանում է երեքշաբթի երեկոյան։ Իրանական կողմը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած ժամանակավոր հրադադարը՝ պահանջելով պատերազմի վերջնական դադարեցում և անվտանգության երաշխիքներ, թեև 10 կետից բաղկացած առաջարկի ամբողջական տեքստը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել:

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։

-Ինչպե՞ս կգնահատեք այդ առաջարկը։

-Այս առաջարկը պատասխան է այն վերջնագրերին, որոնք վերջին երեք օրերի ընթացքում հնչում են Թրամփի կողմից։ Դրանով Իրանը փորձում է ցույց տալ, որ կառուցողական է և պատրաստ է բանակցային գործընթացի, բայց միաժամանակ չի պատրաստվում հանդուրժել հարվածներ քաղաքացիական ենթակառուցվածքների՝ էլեկտրակայանների, կամուրջների և այլ օբյեկտների դեմ։ Այս առաջարկին զուգահեռ՝ Իրանը նաև պատրաստվում է ներքին դիմակայության․ հասարակությունը մոբիլիզացվում է, կազմակերպվում են բողոքի ցույցեր՝ փաստելու համար, որ նման հարվածները լեգիտիմ չեն և չունեն ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական հիմք։ Բացի այդ, սա հակաառաջարկ է ԱՄՆ-ի այն պահանջներին, որոնք վերաբերում էին Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը, Իրանի միջուկային ենթակառուցվածքին, բալիստիկ հրթիռներին և դաշնակիցներին ցուցաբերվող աջակցությանը։ Իրանը, սակայն, ներկայացնում է դրանցից էականորեն տարբերվող մոտեցում։

-Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ԱՄՆ-ի և Իսրայելի համար՝ Իրանի պահանջներին համաձայնելու դեպքում, հատկապես պատերազմի վերջնական դադարեցման և անվտանգության երաշխիքների մասով:

-Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է Մերձավոր Արևելքում ձևավորվել որևէ երկարաժամկետ խաղաղության պայմանագիր, երբ խոսքը վերաբերում է Իսրայել–Իրան հակամարտությանը։ Այս հարցում վճռորոշ է, թե Միացյալ Նահանգները որքան ազդեցություն և լծակներ կունենան Իսրայելի վրա՝ նրան հնարավոր էսկալացիոն քայլերից հետ պահելու համար։

-Թրամփը սպառնացել է, որ եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, ապա նրա համար «դժոխային իրավիճակ» կստեղծվի։ Արդյո՞ք նա կգնա այդ քայլին։

-ԱՄՆ-ի համար նման քայլի դիմելը խնդիր չէ։ Իհարկե, դա կարելի է դիտարկել որպես շանտաժ, սակայն չի բացառվում, որ նրանք կարող են իրականացնել այդ սպառնալիքը։ Եթե փորձենք բնորոշել, թե ինչ է Թրամփի պատկերացրած «դժոխքը», ապա դա մի իրավիճակ է, երբ երկրում չկա լույս, գազ և ջուր, այսինքն՝ բացակայում են մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ բազային պայմանները, և ամբողջ համակարգը կազմալուծված է։ Սակայն մեկ գիշերվա ընթացքում նման վիճակ ստեղծելը գրեթե անհնար է։ Դրա համար անհրաժեշտ են ոչ թե օրեր, այլ ավելի քան մեկ ամիս շարունակվող հարվածներ։ Այս առումով Ուկրաինայի օրինակը հատկանշական է․ Ռուսաստանին չհաջողվեց երկիրը լիովին կաթվածահար անել։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ն ի զորու է լուրջ խնդիրներ ստեղծել, հատկապես սեզոնների անցումային շրջանում, երբ ջրի և էլեկտրաէներգիայի պահանջը սուր է։

-Այնուամենայնիվ, կողմերը կգնա՞ն համաձայնության։

-Հաշվի առնելով, որ Իսրայելը պատերազմի հիմնական շարժիչ ուժերից մեկն էր, այժմ նա շահագրգռված չէ ո՛չ խաղաղության պայմանագրով, ո՛չ էլ ԱՄՆ–Իրան հնարավոր բանակցություններով, հատկապես եթե դուրս է մնում այդ գործընթացից։ Նման իրավիճակ տեսել ենք նաև 2015 թվականին՝ Միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կոնգրեսում ելույթ ունենալով՝ խիստ քննադատեց այդ գործընթացը։ Իսրայելը գիտակցում է, որ հնարավոր պայմանավորվածությունները կարող են հակասել իր շահերին, ուստի կփորձի անել ամեն ինչ, որպեսզի երկարաժամկետ համաձայնություն չկնքվի։ Այս պահին դժվար է պատկերացնել, որ Իրանը կընդունի ԱՄՆ-ի բոլոր պայմանները, կամ ԱՄՆ-ը կհամաձայնի Իրանի առաջ քաշած կետերին։ Բացի այդ, Իրանն ունի կարևոր հաղթաթուղթ՝ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Այդ պատճառով քիչ հավանական է, որ մոտ օրերս որևէ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment