Արաքսյա Ներսիսյանը ծննդյան 102-րդ տարեդարձը հուլիսի 1-ին Երևանի խնամքի կենտրոններից մեկում կնշի. մեկ դարից ավելի կյանք ապրած կինը 6 զավակ, 17 թոռ, 46 ծոռ և 8 կոռ ունի:
«Ուզում էի թոռներով-ծոռներով սեղան նստեմ, բայց մենակ եմ, մենակ մնացի»,- «Մեդիալաբին» պատմում է նա ու գլուխը տարուբերում։
Ներսիսյանների գերդաստանը Արցախի Մարտակերտի շրջանից է։ Տարիքն ու ապրած ծանր ապրումները խառնել են ժամանակագրությունն ու դեմքերը. նա դժվարությամբ է վերհիշում անցյալը:
Արցախից բռնի տեղահանման դաժան ճանապարհը հատվածաբար է հիշում մեկ դար ապրած կինը: Ծանոթները պատմում են, որ անհայտության վախն ու հարազատ տունը կորցնելու ցավն այնքան խորն էին, որ իր գործողություններին այլևս չէր տիրապետում։ Փորձում էր մեքենայի դուռը բացել ընթացքի ժամանակ, քաշքշում էր աղջկան ու փորձում էր դուրս գալ մեքենայից, դուրս նետվել։
«Շատ դաժան օրեր եմ տեսել… երեք պատերազմ անցավ իմ գլխով։ Ռումբերը տրաքում էին, մենք էլ մութ ու խոնավ ապաստարաններն էինք մտել։ Օրերով այնտեղ էինք ապրում՝ վախում էինք»,- Արաքսյան պատերազմի ու տեղահանության օրերից շատ բան չի հիշում կամ չի ուզում հիշել, հուզվում է, անընդհատ կրկնում՝ «չգիտեմ՝ ինչ եղավ, մենակ մնացի»։
Արաքսյա Ներսիսյանը վերջին տարիներին դստեր ընտանիքի հետ է ապրել՝ շրջապատված հարազատների հոգատարությամբ, սակայն նրա կենսագրությունը լի էր կյանքի փորձություններով։ Դեռ 90-ականների Արցախյան պատերազմի տարիներին ընտանիքը կրել էր առաջին մեծ կորուստը. վեց զավակներից կրտսերը անհայտ կորել էր։
Չնայած այդ ցավին՝ մյուս զավակները շարունակում էին ապրել կողք կողքի՝ կիսելով միմյանց հոգսերը։ Արաքսյան հիշում է՝ ժամանակին Մարտակերտի ամենաակտիվ կանանցից էր։ Նրա հսկողության տակ էր հսկայական սառնարանային տնտեսությունը, որտեղից առաքվում էին միրգն ու բանջարեղենը։ Տոննաներով բերքը լցվում էր պահեստ, և հենց նա էր որոշում մատակարարման հերթականությունն ու ընթացքը։ Նրա օրը սկսվում էր բոլորից շուտ և ավարտվում, երբ տան վերջին անդամը քնում էր։
«Մարտակերտը հարուստ շրջան էր։ Մեր գյուղում՝ Առաջաձորում, գինու գործարան կար, մեծ սառնարանային տնտեսություն, որտեղ պահվում էր ամբողջ բերքն ու բարիքը։ Այդտեղ էի աշխատում, տոննաներով միրգ ու բանջարեղեն էի կշռում, մատակարարում խանութներին ու մարդկանց։ Ամբողջ շրջանի բանջարեղենն իմ ձեռքով էր անցնում։ Ազատ րոպեներին հարևանությամբ գտնվող գրադարանից գիրք էի վերցնում, նստում սառնարանի մոտ՝ մի կողմից գործս էի անում, մյուս կողմից՝ կարդում։ Եթե տեսնում էի՝ մեկը նեղության մեջ է, լավ չի ապրում, կանչում էի, ձեռքը միրգ-բանջարեղեն տալիս, որ տուն տանի»,- անցյալի դրվագներն է հիշում ու պատմում է Արաքսյան, սակայն ժամանակ առ ժամանակ որոշ բաներ մոռանում է, հիշողությունը, ասում է՝ էլ այն չէ:
«Աշխատել եմ, ապրել եմ, ստեղծել եմ,- ասում է նա,- վերահսկում էի ամենքին ու ամեն ինչ, ընտանիքին միշտ միասին պահում, առիթ ու անառիթ ճոխ սեղաններ գցում ու բոլորին միասին հավաքում։ Թոռներս դպրոցից նախ իմ տուն էին գալիս, ուտում կշտանում, հետո նոր իրենց տուն գնում։ Բայց չէի սիրում, երբ թոռներն էին բացում կաթսաների կափարիչները. ամեն ինչ պետք է լիներ իր տեղում, իր ձևով, հացը՝ ծածկված, իսկ կերակուրը պետք է մատուցեր միայն ինքը»։
Ասում է, որ ինչքան էլ դժվար էր, ու շատ էր աշխատում, կարողացել է զավակների ու թոռների համար ստեղծել բարեկեցիկ ու խաղաղ կյանքի բոլոր պայմանները։
Տեղահանությունից հետո Արաքսյա տատիկին Կարմիր խաչը վերականգնողական կենտրոն էր տեղափոխել, բայց օտար միջավայրում չէր հարմարվել։ Լացել էր, հարազատներին փնտրել։ Կենտրոնից զանգել՝ թոռներից մեկին էին կանչել, նա էլ եկել իրենց տուն էր տարել։ Որոշ ժամանակ թոռների տանն է ապրել, բայց տեղահանված հարազատներն էլ ամեն ինչ կորցնելուց հետո ծանր պայմաններում էին գոյատևում:
Որդիներից մեկը մահացել է, աղջիկը, որի հետ Արցախում ապրում էր, շուտով 80-ամյակը կբոլորի, շաքարային դիաբետի հետևանքով տեսողությունը գրեթե կորցրել է, մյուս զավակներն էլ առողջական տարբեր խնդիրներ ունեն, տեղահանությունից հետո արտերկիր են մեկնել՝ իրենց երեխաների մոտ։
Արաքսյա տատիկը երկու տարի ապրել է թոռներից մեկի տանը, սակայն թե՛ ընտանեկան, թե՛ սոցիալական պայմանները թույլ չեն տվել, որ այնտեղ երկար մնա։ Հետագայում նրան տեղափոխել են «Մերոնց տուն» տարեցների խնամքի կենտրոն, որտեղ այժմ ապրում է «Մերոնց համար» բարեգործական հիմնադրամի հավաքած միջոցների շնորհիվ։ Առաջին երեք ամիսների ծախսերը հոգացվել են, իսկ հաջորդ երեք ամիսների ֆինանսավորումը դեռևս անորոշ է։
Նրան հաճախ կարելի է տեսնել կենտրոնի նախասրահի հանգիստ անկյուններից մեկում՝ մյուս տարեցների կողքին նստած։ Լինելով շփվող և ակտիվ՝ նա այսօր էլ ձգտում է մարդկանցով շրջապատված լինել, սակայն ֆիզիկական սահմանափակումները թույլ չեն տալիս լիարժեք մասնակցել ընդհանուր զրույցներին։
Թեև ժամանակի ընթացքում նրա տեսողությունն ու լսողությունը զգալիորեն թուլացել են, իսկ հիշողությունը հաճախ դավաճանում է՝ ջնջելով անցյալի ու ներկայի դրվագները, նա զարմանալի հստակությամբ ճանաչում է խնամքի կենտրոնի աշխատակիցներին։ Յուրաքանչյուրին դիմավորում է ջերմությամբ, սիրով ողջագուրվում՝ կարծես այդպես փորձում է լրացնել շփման ու սիրո պակասը։
Հարազատներից շատերի հետ նա այժմ կապ հաստատել չի կարողանում, նրանց մասին լուր չունի։ Աղջիկն է երբեմն այցելում, թոռներն են զանգում, նրա որպիսությոամբ հետաքրքրվում, բայց 102-ամյա կնոջ համար ժամանակի ու տարածության ընկալումը փոխվել է։ Հիշողության կորուստն ու միայնության զգացումը նրա մեջ վիրավորվածություն են առաջացրել հարազատներից։
«Ապրել եմ, արել եմ, բոլորին օգնել եմ… ամեն ինչ կորցրինք, հիմա մենակ եմ, բոլորն ինձ մոռացել են, ոչ մեկը չի գալիս»,- ասում է նա խամրած ձայնով։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am